Գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտում մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, համեմատաբար էժան աշխատուժ, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության փորձ, և կան բոլոր նախադրյալները պնդելու, որ այն իրապես մեր տնտեսության հեռանկարային ոլորտներից է: Վերջինս դեռ 2000թ. ճանաչվել է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, իսկ 2008թ.-ին ընդունվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը և հստակեցվել ոլորտին պետական աջակցության եղանակները:

Կարելի է փաստել, որ վերջին տարիներին Կառավարության ջանքերն ակներև են այս բնագավառի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու առումով, մասնավորապես՝ 2014թ.-ի վերջին ընդունվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որն իրապես շատ կարևոր էր ոլորտի զարգացման տեսանկյունից:

Հատկանշական է, որ ընկերությունների գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ստվերում գտնվող մասնագետներին օրինական դաշտում աշխատելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ակնկալիքով Կառավարությունը գնաց նաև հարկային արտոնություններ տրամադրելու ճանապարհով: Մասնավորապես՝ ոլորտի սկսնակ ընկերություններն ազատվում են շահութահարկից, իսկ նրանց աշխատողների եկամտային հարկը սահմանվում է 10%: 
Բնականաբար, այս ամենը կբերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կտրուկ զարգացման, և 2015թ.-ին այս ոլորտում սպասվում է շոշափելի աճ:

Անցյալ տարվա տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում առկա են 395 ակտիվ աշխատող ընկերություններ, որոնցում ներգրավված են շուրջ 11.500 մասնագետներ, իսկ 2014թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է 475 մլն դոլար, և ոլորտը գրանցել է 25.2%-ի աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել