Umbrella_web(1)Հովանոցի հայրենիքը Ճապոնիան է:
Առաջին հովանոցը պատրաստվել է մ.թ.ա 10-րդ դարում մի սովորական ատաղձագործի կողմից: Նա իր կնոջ համար «տանիք» է պատրաստում, որ միշտ իր հետ կլիներ: Հովանոցն ավելի քան երկու կիլոգրամ քաշ ուներ, իսկ բռնակի երկարությունը մոտ մեկ ու կես մետր երկարություն ուներ: Հովանոցն օգտագործվում էր բացառապես արևից պաշտպանվելու համար:

Չնայած հովանոցի հեղինակը սովորական արհեստավոր էր, Հեռավոր Արևելքում դրանից կարող էին օգտվել միայն արքայական ընտանիքի անդամներն և հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդիկ: Հովանոցը իշխանության և ընտրյալ լինելու խորհրդանիշ էր` համարվելով վերին աստիճանի շքեղության իր: Հովանոցի քաշն ու ձևն ուղիղ համեմատական էին նրա տիրոջ դիրքին հասարակության մեջ: Օրինակ` Սիամի (ներկայիս Թաիլանդ) թագավորի հովանոցը պատված էր ոսկով և ադամանդներով…

Հին Եգիպտոսում և Բաբելոնում հովանոցները երկու դեր ունեին` պաշտպանում էին արևից և խորհրդանշում էին իշխանություն: Եգիպտական փարավոնների հովանոցները պատրասվում էին արմավենու տերևներից և թռչունների փետուրներից և, բնականաբար, ավելի թեթև էին, քան ճապոնականները: Արևելքից հովանոցներն անցան Հին Հունաստան, ապա Հռոմ, որտեղ դրանք օգտագործում էին հիմնականում կանայք, որպեսզի պահպանեն իրենց մաշկի «ազնվազարմ» ճերմակությունը:

Արևմտյան Եվրոպայում հովանոցը հայտնվեց միայն XVII դարում Ֆրանսիայում: Այն կոչվում էր «պարասոլ» (ֆր. sol-արև բառից): Այն օգտագործվում էր արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով, քանի որ արևայրուքը բնորոշ էր հասարակության ցածր խավերին: Պարասոլը կարգավիճակը մատնող իր չէր, այն հասանելի էր բոլորի համար, սակայն դրա արտաքին տեսքից ամեն դեպքում հնարավոր էր կռահել հասարակության մեջ դրա տիրոջ դիրքի մասին: Որքան շատ ժապավեններ և այլ աքսեսուարներ, այնքան բարձր կարգավիճակ:

Համարվում է, որ առաջին դիզայներական հովանոցը պատկանում էր Մարիա Անտուանետային: Այն կետի բեղից էր պատրաստված և ավելի քան մեկուկես կիլոգրամ էր կշռում: Այսպես, արքունիքում առաջացավ նոր պաշտոն` «հովանոց կրող»: Պարասոլների ամենամեծ երկրպագուն ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ն էր, ում հովանոցներն ամենաշքեղն էին:

Առաջին մարդը, ում մտքին հասավ հովանոցի միջոցով պաշտպանվել անձրևից, ճանապարհորդ Ջոն Հանվեյն էր: Դա տեղի ունեցավ 1822 թվականին Լոնդոնում: Մինչ այդ հարգի տիկնայք ու պարոնայք անձրևային եղանակին պարզապես տնից դուրս չէին գալիս:

Հանվեյը փոխարինեց ժանյակներն ու ժապավեններն ավելի ամուր կտորի և սկսեց պարբերաբար այդպես զբոսնել Լոնդոնյան փողոցներով: Մարդկանց սկզբնական ռեակցիան ծիծաղն ու սուլոցն էր, սակայն շուտով պարզվեց, որ հովանոցն իսկական փրկություն է նրանց համար, ովքեր սեփական կառք չունեին:

19-րդ դարի 40-ական թվականներին հայտնաբերվեցին ծալվող հովանոցները, որոնք միանգամից լայն տարածում գտան: Ժապավենազարդ ժանյակավոր հովանոցներն իրենց տեղը զիջեցին ավելի պրակտիկ մոդելների, որոնք XIX դարի կեսին արդեն անհաղթելի լիդերներ էին:

20-րդ դարի սկզբին շքեղ կանացի հովանոցները դեռ նորաձև էին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրությունը վերջնականապես փոխվեց: Արդեն օգտագործվում էին միայն պրակտիկ հովանոցները: Հետագայում հովանոցը ձեռք է բերում ևս մեկ ֆունկցիա: Այն պաշտպանում էր փողոցային հարձակումներից: Այսպես` հովանոցի վրա հատուկ կոճակին սեղմելիս այն արտանետում էր հատուկ գազ ու միաժամանակ բարձր ազդանշան էր արձակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել