Առաջ մտածում էին, թե Երևանի հանրային տրանսպորտը քաղաքային մշակույթի մասնավոր դրսևորում է, բայց էսօր վերջնականապես հասկացա, որ դա գոյատևելու արվեստ է:
Այսպես կոչված «մարշրուտկաների» վարորդների համար Երևանի բնակիչները ոչ թե մարդիկ են, այլ կանգառներում ու մայթերին խմբված պոտենցիալ «100 դրամանոցներ», որոնց որսալու համար նրանք պատրաստ են 3-րդ գծից թռնել 1-ին գիծ, փակել հետևից շտապող մեկ այլ երթուղայինի ճամփան, ամբողջ կոկորդով հայհոյանքներ թափել այլ վարորդների հասցեին, կաթվածահար անել փողոցի այդ հատվածի երթևեկությունը, որպեսզի մի քանի «100 դրամանոց» ավել փախցնեն: Եվ քանի դեռ մարդիկ շարունակում են իրենց պահել ոչ թե գիտակից քաղաքացու, այլ «կարտոֆիլի պարկի» նման, վարորդներն էլ նրանց տեղափոխում են հենց այնպես, ինչպես կտեղափոխեին կարտոֆիլի պարկը՝ խաղալով «գազի ու տոռմուզի» պեդալների հետ: 14 համարի երթուղայինի ավտոբուսները, որոնցից ես օգտվում եմ ամեն օր, գալիս են 30-40 րոպեն մեկ: Մարդիկ ճարահատյալ այնքան շատ են խցկվում ավտոբուսի մեջ, որ ինչ դեպք ասես չի պատահում: Էսօր օրինակ 2 կին «տրուբայից բռնվելու» համար կռիվ էին անում՝ իրար վերջին բառերը շպրտելով, մեկ այլ աղջիկ էլ գերբեռնվածության պատճառով մնաց ավտոբուսի դռան տակ՝ տհաճ վնասվածք ստանալով: 
Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality/ Мэрия Еревана-ին՝ ո՞վ պետք է պատասխան տա, եթե մի օր հանրային տրանսպորտի աբսուրդ իրավիճակի պատճառով որևէ դժբախտ դեպք գրանցվի: 
Ինձ՝ որպես Երևանի բնակչի, չի հուզում մի քանի տասնյակ գծատերերի անձնական շահը, ես պահանջում եմ ապահովել իմ հարմարավետությունը, քանի որ ես ուղղակի չեմ ցանկանում շնչահեղձ լինել կամ ճզմվել երթուղային ավտոբուսի դռան տակ: 
Սահմանեք կենտրոնացված տրանսպորտային համակարգ, որտեղ վարորդը կաշխատի կոնկրետ ռեժիմով և կստանա աշխատավարձ՝ ստիպված չլինելով մարդ փախցնել մայթերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել