Բուռն քննարկումներից հետո երեկ ՀՀ ԱԺ-ը ձայների 71 կողմ եւ 37 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: 
Ինչպես նախօրոք հայտնել էին, Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ քվեարկեցին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին, սակայն, քանի որ ՀՀԿ-ն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է կազմում և մեկը մյուսի փոխարեն քվեարկելը դեռ «մոդայից» դուրս չի եկել, 2013թ. բյուջեի նախագիծը շատ հեշտ և առանց ավելորդ խնդիրների ընդունվեց:
Ինչպես արդեն նշել էինք, այս բյուջեն համեմատ նախորդ տարիների բյուջեների զսպողական է կամ ինչպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն են ասում` «ոչ մի քայլ առաջ» բյուջե է: 
1. Չնայած նրան, որ պետական բյուջեի ծախսերը պլանավորվել են մոտ 1,1 տրլն դրամ, ինչը 0.1 տրլն-ով ավելի է 2012 թ. բյուջեի համեմատ, հարկավոր է նշել, որ մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք ահռելի թանկացումներ բոլոր ոլորտներում, և այս առումով ծախսային մասը գրեթե չի շատացել: 
2.Իսկ ահա դեֆիցիտի մասով նախատեսվում է 120 մլրդ դրամի չափով դեֆիցիտ, հետաքրքիր է կգա՞ արդյոք մի օր, երբ մենք կունենանք պոֆիցիտով բյուջե: 
3. Համաձայն պաշտոնական տվյալների՝ մենք ունենք 280.000 գործազուրկ, իսկ մեր բյուջեում նրանց խնդիրների լուծումը չի արտացոլվում: Մի՞թե սա ահազանգ չէ, որ այս 280.000 մեր հայրենակիցները, չկարողանալով լուծել իրենց «հացի խնդիրը», կբռնեն 2012թ. առաջին 10-ը ամիսների ընթացքում Հայաստանը լքած 90.000 մեր հայրենակիցների ուղին և կհեռանան հայրենիքից:
Հ.Գ. Կարծում եմ՝ սրանք կարևորագույն խնդիրներից են, որոնք պետք է միշտ մեր իշխանավորների ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ դատարկ Հայաստանում իրենց կարիքն ավելի քիչ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել