Հայրենի կառավարիչները միշտ օրիգինալ են ինչպես իրենց գործողություններում, այնպես էլ հայտարարություններում: Մեզանում մի տենդենց կա, որ այս կամ այն ոլորտի պատասխանատուներն այնքան ջանք ու եռանդ չեն ներդնում տվյալ ոլորտը զարգացնելու և ոտքի հանելու համար, որքան որ ջանք ու ճիգ են գործադրում ոլորտի ձախողումների համար պատճառաբանություններ գտնելու գործում: Հերթական դարակազմիկ հայտարարությամբ այս անգամ հանդես է եկել նախարարներից մեկը՝ հայտարարելով ոչ ավել, ոչ պակաս, որ նրանք, ովքեր տնտեսական աճը չեն զգում իրենց մաշկի վրա, ուրեմն մաշկի խնդիր ունեն: Փաստորեն, մեր կառավարությունն իր 1.5-ամյա գործունեության ընթացքում վերջապես գտավ ճշմարտությունը, որ իրենք շատ լավ էլ աշխատում են, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ քաղաքացիների մեջ է, ու եթե մենք մաշկի խնդիր չունենաք, ապա այդ աշխատանքի դրական ազդեցությունը կզգանք մեր վրա, ու չի բացառվում, որ առաջիկայում կառավարությունը համալրվի ոչ թե տնտեսագետներով ու ֆինանսիստներով, այլ մաշկի խնդիրները բուժող մասնագետներով ու բժիշկներով: 
Բայց իրականում հարց է առաջանում. ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը տնտեսական աճ է ապահովում, իսկ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում: Մյուս կողմից էլ ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, եթե գրեթե բոլոր ոլորտներում անկումներ են գրանցվում: 
Իրականում առօրյա հոգսերի հետ մենակ մնացած Հայաստանի քաղաքացին սեփական մաշկի վրա լավ էլ զգում է հայրենի կառավարիչների անգործության արդյունքները: Ինչպե՞ս կարող ես չզգալ օրեցօր բարձրացող ապրանքների գները, տարադրամի շուկայում տեղի ունեցող վայրիվերումները, գնալով նվազող, առանց այդ էլ աղքատիկ բյուջեն, արտագաղթն ու բազում խնդիրները: Պարզապես կարծում եմ, որ քաղաքացիների մաշկի խնդիրներով անհանգստանալու փոխարեն ճիշտ կլիներ, որ մեր կառավարությունում մտածեին սեփական տեսողության խնդիրների մասին, քանզի միայն տեսողության խնդիրներ ունեցողները կարող են չնկատել Հայաստանում կուտակված այսքան խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել