Խորակերտի վանքի ընդհանուր տեսքը

արևմուտքից

Դեռևս 2008 թվականին կամ նախքան դա առաջացած հայ-վրացական սահմանային խնդիրների պատճառով մենք՝ հայաստանաբնակներս զրկվեցինք հայ-վրացական սահմանային գոտում գտնվող Խուճապի ու Խորակերտի վանքեր այցելելուց: Այս պահին 225 կմ սահմանային գծից նախնական համաձայնություն է ձեռք  բերվել  միայն 160 կմ-ի շուրջ, և դեռևս չհամաձայնեցված է մնում 65 կմ-ը: Եվ հենց այդ 65 կմ-ի սահմանում էլ գտնվում են վերոհիշյալ հայկական վանքերը: Եթե Խուճապի վանք հասնելը համեմատաբար հեշտ է (հայ սահմանապահները հայաստանցիներին սիրահոժար ուղեկցում են վանք՝ միայն իրենց հայտնի անտառային նեղլիկ ու մացառապատ արահետներով), ապա Խորակերտի վանքի մասին մոտակա տարիներին կարող ենք մոռանալ: Ավելորդ չէ նշել, որ  վրացիները նշված վանքերը 8 այլ վանքերի (Ախթալա, Քոբայր, Թեժառույքի վանք, Հնեվանք, Բգավոր, Սեդվու վանք, Կիրանց և Սրվեղ, որոշ տվյալներով՝ 5 վանք՝ Խուճապ, Ախթալա, Կիրանց, Քոբայր և Հնեվանք) հետ համարում են վրացական և, այսպես ասած,պահանջում են «վերադարձնել» իրենց:

Այս ու մի շարք ուրիշ հանգամանքներ հաշվի առնելով, բայց հիմնականում՝ չառնելով, արշավականների փոքրաթիվ խմբով մեկնեցինք Վրաստան: Սահմանային Սադախլո քաղաքից արևմուտք գտնվող Աղքյորփի գյուղ տանող 25 կմ-անոց ճանապարհի վիճակից կարելի էր ենթադրել վրացական իշխանությունների վերաբերմունքը այդ հատվածի հայաբնակ գյուղերի նկատմամբ: Մեր նպատակակետը Չանախչի հայկական գյուղն էր: Մինչ գյուղ հասնելը ձախ կողմում երևաց Չախալաբերդը, որը մասնագիտական գրականության մեջ հանդիպում է Բազաբերդ կամ Բազկերտ անվանումներով: Ավտոճանապարհով անցնելիս միջնաբերդը երևում է շրջագծի 2/3-ով: Տեղում որոշում կայացրինք, որ հաջորդ օրվա ծրագրի մեջ ներառում ենք նաև բերդը, քանի որ այն շատ մոտ էր ու բարձրանալ-իջնելը 2 ժամ չէր տևի: Սակայն բերդին դեռ կանդրադառնանք:

Հասանք Չանախչի: Գտանք գյուղացի Վովային, ով համաձայնել էր մեզ տանել Խորակերտ: Վովան վրաց սահմանապահների հետ լավ հարաբերություններ ուներ և երաշխավորել էր, որ որևէ խնդիր չենք ունենա: Սակայն, ինչպես պարզվեց հեռագայում, եթե նույնիսկ որևէ խնդիր չունենայինք, ապա վրացիները մեզ չէին թողնելու լուսանկարել վանքը: Օրն արդեն երեկոյանում էր, և պետք էր գիշերակացի հարցը լուծել: Գյուղացիներից մի քիչ-մի քիչ փայտ վերցնելով՝ դուրս եկանք գյուղից, գետից ոչ հեռու վրանը խփեցինք, խարույկ վառեցինք: Պառկած հիանում էինք աստղազարդ երկնքով, ու թվում էր, թե ամեն ինչ լավ է, երբ հեռվում մեքենայի լույսեր նկատեցինք: Վրաց սահմանապահներն են: Պարզվեց՝ մենք գտնվում ենք հայ-վրացական սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա, ու, բնականաբար, այդտեղ վրան խփելը, առավել ևս՝ խարույկ վառելն արգելված է: Ասացին՝ գնացեք գյուղում գիշերեք: Գնացինք: Վրանը խփեցինք Ֆենիկ տատու բոստանում: Ֆենիկ տատին այդպես էլ չհասկացավ, թե ինչ հաճույք են ստանում այս տղաները ձմռան առաջին օրը վրանում գիշերելուց: Իսկ գյուղացի Արմենը, իմանալով, որ Երևանից ինչ-որ հյուրեր են եկել գյուղ ու ուզում են տեսնել Խորակերտը, մոտ մեկ ժամ էր, որ մեքենայով ընկած մեզ էր փնտրում: Ու գտավ: Գնացինք Արմենենց տուն, ծանոթացանք նրա բազմանդամ ընտանիքի հետ, ըմբոշխնեցինք գյուղական հաց, պանիր, դալ, թթվասեր ու ամենակարևորը՝ տանձի տնական օղի՝ 70  «գռադուսանոց»: Արմենը նույնպես խոստացավ մեզ տանել Խորակերտ՝ թըր-թըռով: Դա լավ առաջարկ էր, սակայն հարկավոր էր առավոտյան զանգահարել Վովային և ասել, որ մեզ չսպասի: Առավոտվա համար պայմանավորվելով ու հրաժարվելով Արմենի նորակառույց առանձնատանը գիշերելու առաջարկից, վերադարձանք Ֆենիկ տատու բոստան:

Գիշերը ցուրտ էր. Արիստակեսը, ով վերջինն էր մտել վրան, մոռացել էր փակել վրանի մուտքը 

Առավոտյան կազմ-պատրաստ ներկայացանք Արմենենց տուն, որտեղ մեզ թեթև, բայց բազմաբովանադակ նախաճաշ էր սպասում: Թըր-թըռը (բեռնատար տրակտորը) կարգի բերելուց հետո տեղավորվեցինք, ու Արմենի տասներկուամյա տղան, մեքենան վարպետորեն վարելով, մեզ հասցրեց Խորակերտի վանք: Իրականացավ 6 տարվա իմ երազանքը: Իսկ նկարագրել, թե ինչ էի զգում այդ պահին, չեմ կարող. երևի թե ոչինչ էլ չէի զգում, քանի որ, կարծես կանխազգալով մոտալուտ վտանգը, արագորեն անցա (անցանք) վանքը մանրամասն լուսանկարելուն (Աստված գիտի, թե մեկ էլ երբ կհայտնվենք այստեղ): Ի դեպ, Երևան տեղափոխվող հուշարձանների ցանկում է նաև Խորակերտի վանքի բակում գտնվող առյուծաքանդակը, որը դեռևս առոք-փառոք բազմած է այնտեղ: Մոտ 40 րոպեից, ինչպես և ենթադրում էինք, վրացի սահմանապահները նորից մեր հյուրերն էին: Վերցնելով մեր անձնագրերը, հեռախոսներն ու ֆոտոապարատները՝ ասացին, որ բոլոր լուսանկարները պետք է ջնջվեն: Խնդրեցինք չջնջել, մինչև որ կգար հրամանատարը: Իսկ հրամանատարը, ում հետ դեռ նախորդ օրն էինք ծանոթացել, նորից մեզ տեսնելով, չկարողացավ զսպել ծիծաղը, իբր՝ էլի դո՞ւք, արա...

Հրամանատարը, ընդհանուր առմամբ, մեղմ մոտեցավ խնդրին, ասելով, որ այս հատվածը սահմանային գոտի է, այստեղ կարելի է այցելել միայն ինչ-որ նախարարության հատուկ թույլտվությամբ (նախարարությունը գտնվում է Թբիլիսիում ու, բնականաբար, մեզ ոչ ոք այնտեղ չի սպասում, էլ ո՞ւր մնաց, թե թույլտվություն տան): Բայց նույնիսկ անցաթուղթ ունենալու դեպքում լուսանկարելն արգելված է: Ասում էր, որ խնդիր չկա, եկեք մեր երկիր, երբ ուզեք, որքան ուզեք, գնացեք ուր ուզում եք, մենք էլ Հայաստանում վրացական վանքեր ունենք, մենք էլ ենք գալիս դրանց համար, բայց այստեղ՝ Խորակերտ գալ չի կարելի: Ասաց՝ կամ նկարները ջնջում եք, կամ էլ ձերբակալում եմ ձեզ: Ձերբակալվել չէինք ուզում, լուսանկարները ջնջել՝ առավել ևս: Սակայն հանկարծ ուղեղս փայլատակեց, ու հիշեցի, որ համակարգչիս մեջ ջնջված լուսանկարները վերականգնելու ծրագիր ունեմ: Լուսանկարները ջնջեցինք. մինչ այդ խնդրել էինք, որպեսզի գոնե պահպանենք մեկ կամ երկու լուսանկար. հրամանատարը համաձայնեց: Կարող եմ ասել՝ լավ մարդ էր:

Այստեղ չեմ կարող չնշել, որ վանքի հարևանությամբ մի անասնագոմ կար, կառուցված դեռևս խորհրդային տարիներին: Անասնագոմի շինարարության ժամանակ օգտագործվել էին վանքի անկյունաքարերից շատերը: Նույն պատկերը տեսանք նաև գյուղում. որոշ տների անկյունաքարեր նույնպես բերված էին վանքից: Ու դա վրացիները կամ էլ թուրքերը չէին արել, այլ տեղաբնակ քրիստոնյա հայերը:

Չախալաբերդ բարձրանալու հույսերը նույնպես մարեցին, երբ իմացանք, որ դա էլ գտնվում է Հայաստանի սահմանում, ու եթե բարձրանայինք, ապա հիմա էլ հայ սահմանապահների հետ էինք խնդիր ունենալու:

Կարող եմ նշել, որ ընդհանուր առմամբ հասանք մեր նպատակին: Լուսանկարները վերականգնեցի, ու հիմա Խորակերտի լուսանկարների մի ամբողջ հավաքածու ունենք, որն էլ մշակված տարբերակով շուտով կներկայացնեմ ընկերներիս ուշադրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել