12-14-րդ դարերում միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության, շինարվեստի ու ճարտարապետության զարգացման մի այլ նշանավոր տարածք հանդիսացավ Հայկական Կիլիկիան:
Կիլիկիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օրրաններից է: Տարբեր ժամանակներում նրա առանձին մասերը գտնվել են եգիպտական փարավոնների, Խեթական պետության, Ասորեստանի և Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության տակ, գաղութացվել հույների և հռոմեացիների կողմից, միջին դարերում մասամբ մտել Բյուզանդիայի կազմում:
Փորձենք ընդհանուր գծով ծանոթանալ Կիլիկյան Հայաստանի մի քանի քաղաքների քաղաքաշինական-ճարտարապետական նկարագրին՝ հիմք ընդունելով հայրենական և օտարազգի գիտնականների տվյալները, որոնք վերջին ժամանակներում գնալով ավելի հարստանում և ճշգրտվում են:
ՍԻՍ տեղանքը բացառիկ բարդ պայմաններում իրականացված քաղաքաշինության օրինակ է: 703 թվականին գրավվել ու ավերվել է արաբների կողմից: 8-9-րդ դարերում այստեղ բնակվել են գերազանցապես հայեր: 1114 թվականի կործանվել է երկրաշարժից: Թորոս Ա իշխանապետի գահակալման սկզբին ազատագրվել է բյուզանդական տիրապետությունից:
Սիս քաղաքի նշանավոր կառույցներից մեկը թագավորական պալատն էր, որի դոնժոնատիպ ծավալում տեղավորված էին հանդիսավոր հյուրասրահներ և բնակելի սենյակներ: Պալատի տարածքում է գտնվել նաև ս. Սոֆիայի գմբեթավոր եկեղեցին: Սիսում եղել են այլ եկեղեցիներ ևս, այդ թվում ՝ ս. Էջմիախին, ս. Աստվածածին, ս. Մարինե և այլն: 
Սսի կարևոր շենքերից է եղել նաև Զաբելա թագուհու 1241 թվականին հիմնադրած հիվանդանոցը, Ներսես Լամբրոնացու համալսարանը, Լատինական դպրոցը և այլն:
Ցավոք այսօր Սիսը գտնվում է Թուրքիայում այլ անվանմամբ, Սիսն այժմ կոչվում է Կուլան:
ԱՅԱՍԸ Կիլիկյան Հայաստանի նավահանգստային գլխավոր, առավել նշանավոր քաղաքն է եղել՝ հիմնադրվել է հույների կողմից և կոչվել է Էգեաս:
Լինելով Նեղոսի գետաբերանում գտնվող Ալեքսանդրիա նավահանգստի մրցակիցը, Այասը բազմիցս ենթարկվել է Եգիպոսի մամլուքների գրավմամբ, ավերման, բնակիչների գերեվարման, սակայն ամեն անգամ վերստին վերականգնվել է հայերի կողմից:
Նավահանգիստը գտնվել է ցամաքային և ծովային բերդերի պաշտպանության տակ: Դրանցից առաջինը զբաղեցնում էր հրվանդանի արևելյան կողմի սրածայր տարածքը, իսկ երկրորդը՝ գտնվել է ափից մոտ 500 մետր հեռու գտնվող կղզու վրա: Ցամաքի կողմից ամրոցը պաշտպանված է եղել նաև արևելքից հարավ-արևմուտք, այնուհետև՝ հարավ ձգված խանդակով:
Ծովային ամրոցը եղել է փոքր չափերի, բաղկացած՝ դոնժոնատիպ աշտարակից և կից երկարաձիգ, թաղակապ մի շենքից: Նշված շինարարական աշխատանքները, որոնք մասամբ եղել են հիդրոտեխնիկական կարգի, ավանդույթները հայտնի են եղել կենտրոնական Հայաստանում, Վասպուրականում, որոնք շարունակվել և զարգացել են Կիլիկյան Հայաստանի ծովային կառուցվածքներն իրականացնելիս:
Փաստորեն բուն քաղաքը եղել է բերդաքաղաք:
ԿԱՌԻԿՈՍը իր նշանակությամբ Այասից հետո Կիլիկյան Հայաստանի երկրորդ նավահանգստանային քաղաքն է եղել, հիմնադրված Սելևկյանների ժամանակ:
13-րդ դարում քաղաքն ապրել է տնտեսական աննախընթաց մեծ վերելք, եղել Կիլիկյան Հայաստանի կարևոր առևտրաարհեստագործական կենտրոններից մեկը:
Կիլիկյան Հայկական թագավորության անկումից հետո Կոռիկոսը ձեռքից-ձեռք է անցել:
Շուրջ 40հա զբաղեցնող բուն քաղաքը պաշտպանված է եղել բեկբեկուն, բրգավոր պարսպապատերով: Հյուսիս արևմտյան կողմի մի բարձունքի վրա պահպանված ավերակները վերագրվում են Կոռիկոսի երբեմնի միջնաբերդին: 
Ցամաքային ամրոցը (2,6 հա մեծությամբ) տեղավորված է եղել դեպի ծովն առաջացած մի ժայռաբարձունքի վրա: Կրկնակի պարիսպներով շրջափակված ամրոցը երկու կողմից սահմանակից է եղել ծովին: Երկու պարիսպների միջև ստեղծված փակուղի-ծուղակները, ներսի պարիսպների ելուստները, բուրգերն ու աշտարակները արգելակել են թշնամու ներթափանցումը ցամաքից և ծովից: Ցամաքային ամրոցի ներսում պահպանվել են հայկական արձանագրությամբ խաչքարեր, տարաբնույթ շենքերի, ջրամբարների, մատուռների ավերակներ: Ցամաքային ամրոցի արևմուտէ գտնվել է նավահանգիստը, որը ծովի կողմից պաշտպանվում էր երբեմնի 700-800 մետր երկարությամբ պատվարով, այն կառուցված է եղել հատակն իջեցված մեծազանգված քարերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել