Վերջին շրջանում բավական հաճախ է խոսվում ԼՂ սահմանային լարվածության և Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ ոչ պատշաճ արձագանքի կամ դրա բացակայության մասին: Շատերը վրդովվում են, մյուսները՝ մեղադրում «դաշնակիցներին» իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Եթե դիտարկենք ՀԱՊԿ անդամ-երկրների քաղաքակրթական ընտրությունը, էթնիկ կազմը, կրոնական ուղղվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ նրանց տնտեսական, քաղաքական, անգամ ռազմական կապերը, ապա, կարծում ենք, շատերի վրդովմունքը կփարատվի: Նորություն չէ, որ ՀԱՊԿ բոլոր անդամները այս կամ այն ֆորմատով ակտիվ գործակցության մեջ են Ադրբեջանի հետ: Դա, իհարկե, չպետք է քաղաքական խանդ առաջացնի ՀՀ-ի մոտ, քանզի անդամներն իրենք են որոշում, որ երկրի հետ և ինչ չափով հարաբերվեն: ՀՀ-ն այս ամենից միայն հետևություններ կարող է անել ու համարժեք քայլեր մշակել:

Մյուս կողմից ՀԱՊԿ-ն միշտ էլ եղել է հավաքական անվտանգության միաբևեռ համակարգ, որտեղ երկրները հավաքվել են ՌԴ-ի շուրջ՝ իրենց անվտանգության կարճաժամկետ կամ երկարաժամկետը խնդիրըները լուծելու ակնկալիքով: Ոչ ավելին: Իրականում ՀԱՊԿ-ի հետ գործակցությունը մեզ համար կարևոր է տարբեր առումներով. բացի զենքից, որ արտոնյալ գներով ձեռք ենք բերում այդ ֆորմատում, համատեղ օպերատիվ հերթապահություն է իրականացվում ՀՕՊ համակարգում, ռազմական կրթության արտոնյալ պայմաններ ունենք, մարզում ենք մեր զինված ուժերը, հետախուզական տեղեկատվություն ենք ստանում և այլն:

Ինչ վերաբերում է ԼՂ շուրջ ռազմական իրավիճակի սրմանը և դաշնակիցների հնարավոր օգնությանը, ապա իրավական-կանոնակարգային առումով ՀԱՊԿ-ում գործում է մոտեցում, որի համաձայն «ագրեսիայի ենթարկված երկիրը ինքն է դիմում հնարավոր օգնություն ստանալու ակնկալիքով»: Մենք չենք դիմել դաշինքին նման խնդրանքով, քանի որ ՀՀ զինված ուժերը ավելի քան ունակ են լուծել իրենց առջև դրված խնդիրները: Այլ հարց է, որ Դաշինքը քաղաքական հարթությունում կարող էր իրեն առավել ադեկվատ դրսևորել:

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ եթե ռազմական գործողությունները այս անգամ հայ-ադրբեջանական սահմանագծին վերսկսեն և
վերածվեն զանգվածային պատերազմի, ապա ՀԱՊԿ-ն, հաշվի առնելով որոշ հարցերում իր անդամ-երկրների՝ միմյանցից տարբերով շահերը, ամենայն հավանականությամբ միասնական դիրքորոշում չի ունենա միացյալ արձագանքի վերաբերյալ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն այս պայմաններում իր «դաշնակիցների» հետ կհարաբերվի անհատական գործակցության ֆորմատում, որը, կարծում ենք, այս պահին առավել օպտիմալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել