Նպատակս դարձավ հիմա թողնել մի պահ մարդկությանը այս անձավի ու սավառնել, վեր համբառնել, մի պահ օդից քեզ հետ շնչել օդը մաքուր, մի պահ վերից հնազանդվել քամիներին, մի պահ վերից վայրէջք անել ու հասկանալ արագությունը քո այրող` վառեց, երազներում իմ շիկացած շատ եմ փորձել քեզ նվիրվել, քեզ միանալ ու չընկրկել, քեզ համբուրել ու էլ երբեք քեզ չթողնել դեպի լույսը խավարասեր, չգիտեմ էլ ինչ ես անում րոպեներին այս անփոփոխ, բայց ուզում եմ, որ գալուստդ նշենք սիրով սիրեցյալով, մենք իրարով, հավատում ես, գարնանային մայրամուտը զզվեցնում է, հիշեցնում է, որ ապրում եմ ես քեզանով, որ տխրում եմ, գիշերում եմ նամակներով ու կետերով, վերջակետ չէ, այլ մի քանի հույս պարտակող ծիրանի փող, որ կանչում է ինձ դեպի քեզ, դեպքի գիրկը, ես գալիս եմ քեզ ընդառաջ ու հենց քեզ քով, երևի թե ժպիտներով, արցունքոտված լուռ կանչերով ինձ ես նայում հորիզոնում, մի նկարում ու պատկերում մեր երազը, չբացված ու բացահայտված օրապահիկը գաղթական, մենք դառնում ենք գավառական, թե պարզապես մոտենում ենք հանցավոր մի եզրագծի, որից այն կողմ դու դառնում ես մի հայելի անտանելի, իսկ ես խոցված մի պատանի սիրահարի, եղեգնացած ճահիճների պահակ-կաղնի, թող սերը մեր ոչ մի դահիճ էլ չմատնի, ճակատագիրն է թշնամի, սակայն ավաղ ես անդունդն եմ գցում նրան, նրան, նրանց, ինձ ու քեզ էլ խոստանում եմ կառապանը վեր բարձրացող, հիմա հանկարծ ծիծաղում եմ, հասկանում ես ես ցնծում եմ, հռհռում եմ, աշխարհի մի նենգ զանգվածի վրա հարկավ, որ չի դառնում նա սիրո նավ, որ չի գտնում լուսաբացը, իսկ դու, միրհավ, իմն ես արդեն, քո գույների հորձանուտում ես շնչում եմ բուրմունքը, ախ, զգում եմ ես խորը մի ցավ, որ ծակում է կուրծքս` մեռավ, էլ չեմ ապրի, թե դու լինես մի հոգեառ ու հեռանաս թողնես ստվեր ու մի կապոց կրքեր, կիրք գիշերվա, մարած աստղեր, ես ժպտում եմ, արցունքոտ բայց հիմարացած ծիծաղում եմ, ժպտա հոգիս, քանզի լույսը մեզ` երկուսիս էլ չի լինի, քանզի պահը տագնապալի մեր կողքին է, քանզի մարմինդ հոգին է իմ ծվատած, քանզի զգում եմ քեզ ու մեզ, քանզի միանում են երկու կես, երկու մարմին ու մի երես, ծիծաղում է, քանզի հիմա դու ննջում ես հանգիստ անհոգ, իսկ ես ծանր վերապրելիս անցուդարձը քեզ եմ հիշել, մատնանշել քո շուրթերը, ձեռքերը մեր, միանում են, ուրվագծում սիրո անծայր արահետներ,
մի նեղսրտիր շուտով կանցնի կացնի, կայծի հետքերն արնոտ, շուտով կգա տենչի, կանչի, շունչ մատնիչի վայելքները` մենք էլ դառնանք զոհի, մահի ոռնոցն ահի, որ դավաճանն անիրավի իրավունք է, որ կիսողը խոսող կյանքի, պաղատանքի ու կնիքի մեզ դրոշմի մթության մեջ հավատամքի նման հանկարծ, մի վախեցիր, քեզ հետ հավետ, այսուհետև մեռնելու մեկ թելը բռնած ես գալիս եմ, վայրէջքներիս, ծնկաչոք քեզ հետևելիս քեզ տալիս եմ ջերմություն մեկ վառվող հոգուց, քեզ ու սիրուց ես դառնում եմ խորտակվողը, քեզ պահողը, խրատողն, ահաբեկողը: Ալ գույների ամպերի մեջ դառնալու ենք մենք երկու թև մենք մարմնի երկու սրտեր ու գրկելու արեգակը մտնող սարեր: Ես գնում եմ, վայր եմ դնում գլխարկս ծեր, ձեռնափայտս, ծխամորճս ծխած ողջ մի տիեզերքի այրող սերեր, ու հառնում եմ դեպ անդունդը, գրկում հողը, որտեղ մի օր լճակի մեջ մենք միացանք ու հողերը պարարտ մի արտ դարձան բերրի, որտեզ հիմա ես մենացած, սպասում եմ քեզ, համբույրին ու շուրթերն են մեր անավարտ…, չկա խավար անապատում…

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել