Այսօր առավոտվանից մամուլը հեղեղվել է հոդվածներով, որտեղ խոսվում է ԲՀԿ-ի կողմից համայնքներին նվիրված տրակտորների վերաբերյալ: Իրոք տրակտորներ էին նվիրվել Սուրենավան, Լուսառատ, Դավալու և մի շարք այլ համայնքների: Գյուղական համայնքներին ուղղակի անհրաժեշտ են այդ տեխնիկաները, և եթե «կառավարությունը», որի անմիջական պարտավորությունն է ապահովել և աջակցել գյուղացուն, «չի կարողանում» կամ «չի ուզում» լուծել իր քաղաքացիների խնդիրը, այդ բեռը իր ուսերին է վերցնում հնարավորություն և կամք ունեցող այլ ուժ:
Հետաքրքրքական է այն հանգամանքը, որ, համապատասխան տեխնիկան գյուղերին նվիրելուց հետո հիմա էլ հոդվածներում գրվում է, թե ընտրությունից հետո անմիջապես հետ են տարվել այդ տրակտորները: 
1. Կարծում եմ, որ գյուղացու համար մեծ հաշվով կապ չունի, ով է իրեն հատկացրել իր համար կենսական նշանակություն ունեցող տեխնիկան:
2. Եթե քաղաքական ուժը նվիրաբերումներ է անում նախընտրական շրջանում և ընտրությունից հետո հետ է վերցնում, այդ դեպքում հարց է առաջանում` մի՞թե էլ ընտրություններ չեն գալու: Ի՞նչ եք կարծում, մի՞թե տրամաբանական է այս տեսակետը: 
3. Ինչո՞ւ պետք է պետության փոխարեն գյուղացին այլ քաղաքական ուժերի «ձեռքին» նայի: 
4. Եվ վերջապես, ի՞նչ կապ ունի, թե ինչ նպատակով են արվում նմանօրինակ ակցիաները, կարևորը այն է, որ մեր հայրենակիցների խնդիրները փոքրիշատե լուծվում են: 
Հ.Գ. Եթե պետությունը բարեխղճորեն կատարի իր պարտականությունները այս կարգի խոսակցություններն ու շահարկումներն էլ ինքնաբերաբար կվերանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել