Tert.am-ը գրում է.

Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս գրուպ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել Լոռու մարզի Ծաղկաշատ, Հաղպատ, Ակներ, Շնող և այլ համայնքներում շուրջ 14 հազ. հա-ի տարածքում, շահագործման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել ու ստացել է թույլտվություն:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց բնապահպան Հակոբ Սանասարյանը:

Նա նշեց, որ ծրագիրը գոյություն ուներ դեռևս 2005թ-ից, սակայն այն կասեցվել էր՝ հաշվի առնելով, որ ողջ անտառածածկ տարածքը կոչնչանա. ծրագիրն այսօր կյանքի է կոչվել:

«Ծրագրում նշված է, որ համայնքներում անցկացվել են հանրային լսումներ, ինչի արդյունքում գյուղապետերը տվել են իրենց համաձայնությունը, բայց ոչ մի լսումներ էլ չեն անցկացվել, որովհետև բոլոր համայնքներում դեմ են ու հասկանում են, թե իրենց ինչ է սպասում»,-ասաց նա:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ սա միանշանակ Թեղուտի ծրագրի շարունակությունն է, այսինքն` այս համայնքները ևս ցանկանում են հանքավայր դարձնել:

«Հիմնականում փնտրելու են պղինձ, մոլիբդեն, արծաթ, ոսկի, բայց ոսկին այստեղ չնչին ծավալների է, և նպատակը ոսկին չէ: Բայց ես կարծում եմ նաև, որ այստեղ կա նաև ուրան գտնելու խնդիր, որովհետև ես տեղյակ եմ, որ անգամ Թեղուտում են ուրան գտել: Իսկ ուրանը ամենածանր մետաղն է ու կարող է առաջացնել մարդկանց մոտ տարբեր հիվանդություններ, եթե դուրս գա արտաքին միջավայր»,-ասաց նա:

Հակոբ Սանասարյանն ընդգծեց, որ «Վալեքս գրուպ» ընկերությունը տարածքը ուսումնասիրելու է շահագործման նպատակով, իսկ այդ տարածքում հանքարդյունաբերությունը այդ համայնքների մահվան կհանգեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել