Tert.am-ը գրում է.

Կիսամարաթոնի կազմակերպիչները  հայտարարում են, որ այսօրվա  միջոցառումների մասին իրազեկել են Երևանի քաղաքապետարանին, որտեղից էլ պնդում են, որ որևէ գրություն չեն ստացել:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնական փողոցների երթևեկի կաթվածահար վիճակն ու տրանսպորտի չաշխատելն այսօր բազմաթիվ անհարմարություններ էր առաջացրել հետիոտների ու վարորդների շրջանում, որոնցից առաջինները ստիպված էին տրանսպորտային միջոցներին հասնել ոտքով, իսկ վարորդներն էլ ընկել  ժամեր տևող  խցանումների մեջ:

Եվ քաղաքացիների հիմնական դժգոհություն այն է, որ եթե նախապես տեղեկացված լինեին միջոցառման մասին, ապա կամ այլընտրանքային ուղիներ կգտնեին, կամ   կօգտվեին մետրոյից:

Նշենք,  որ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնն անվանումն ունեցող   կիսամարաթոնի  կազմակերպիչն է  ՀՀ սպորտի և երիտասարդության  նախարարությունը,  որն այս աննախադեպ մասշտաբային միջոցառումն անցկացնելու համար համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ոստիկանության , Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի  հետ:

Սակայն նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ակնարկեց, որ նախարարությունը միջոցառման   պետական ու ֆինանսական կազմակերպիչն է:

«Նաև կազմակերպչական խումբ էր  ձևավորվել, որը տեղեկացրել էր քաղաքապետարանին երթուղու և ծրագրի մասին»,- ասաց նախարարության մամուլի խոսնակը:

Ի պատասխան հարցի, թե ով է կոնկրետ պատասխանատու քաղաքացիներին լուսաբանելու համար, Աստղիկ Մարտիրոսյանը նշեց. «Իհարկե, կազմկոմիտեն, որը կիսամարաթոնի կազմակերպիչն է, դա աթլետիկայի ֆեդերացիան է, ինչպես նաև այս կազմում այլ մասնագետներ են ընդգրկված»:

Կիսամարաթոնի կազմկոմիտեից Նարեկը, որն իր ազգանունը չհայտնեց, նշեց, որ իրենց կողմից իրազեկում եղել է:

«Լրատվական ծրագրերով արվել է (հեռուստատեսությունների ),  քաղաքապետարանի լրատվականին էլ տեղյակ է պահվել, ուղարկվել է ողջ տեքստը` երթուղով և ժամանակացույցով: Եվ նաև նախարարությունն է ուղարկվել է ողջ երթուղին: Այս իրավասությունը դրված է քաղաքապետարանի վրա»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության   պետ   Արթուր Գևորգյանն այս  առնչությամբ  ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը որևէ գրությունը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից չի ստացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել