Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեմ է ՀԷՑ-ում աուդիտ կատարելուն: Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է վարչապետ Հովիկ Աբրահամյանն աուդիտ չանցկացրած հայտարարում, որ հոսանքի գինն անհիմն չի բարձրացել, ասաց Հրանտ Բագրատյանը:

«Աուդիտն իզուր է, կարող են տասն անգամ անել, բայց ի՞նչ է տալու: Չգիտեմ, աուդիտին ես դեմ եմ, ժամանակի կորուստ է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Վերջինս ընդհանուր առմամբ դրական գնահատեց ՀԷՑ-ի վաճառքը Սամվել Կարապետյանին:

«Բոլոր դեպքերում, քայլ առաջ է, երբ մասնավորն է գնում, որովհետև մասնավորը չի թողնի, որ իրենից գողանան»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Այնուամենայնիվ, վերջինս շեշտեց, որ հայտնի չէ, թե դա ինչի կհանգեցնի, քանի դեռ առաջարկված էներգետիկ ռեֆորմը չի կատարվել:

«Մի ՀԷՑ, մեկ համակարգ չպիտի լինի, պետք է լինի էներգետիկ շուկա, որտեղ գինն ամսվա մեջ կամ շաբաթներով փոքրիկ տատանումներ միշտ պիտի ունենա, պետք է վերացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գների հաստատման պրակտիկան, պետք է հայտարարվի որոշակի գնման գին, ամենաէժան գինը: Պետք է կայանա էներգետիկ շուկա, որը պետք է դառնա մեր անբաժանելի մասը՝  գինը որոշող»,- մասնավորեցրեց Հրանտ Բագրատյանը:

Նա կրկնեց՝ միակ մխիթարանքն այն է, որ ՀԷՑ-ը գնվել է մասնավոր ընկերության կողմից, որը շահագրգռված չի լինի, որ իրենից գողանան:

Ինչ վերաբերում է նրան, որ գնորդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, ապա Հրանտ Բագրատյանը նշեց, որ դա իրեն դուր չի գալիս:

«Դա պիտի բաց լիներ: Իհարկե, կարող է օֆշոր լինել, բայց այդ ժամանակ պետք է զգույշ վերաբերեն գնումներին: Բայց դա չէ էականը: Ամենաէականն այն է, որ պետք է էներգետիկ շուկան կայանա: Այս ուղղությամբ քայլ չի արվում»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ՀԵՑ-ը գնելու շարժառիթները միանգամայն ազնիվ են, իսկ կարևորն այն է, որ «գնորդը փորձառու է և հաշվի է առել, որ այնտեղ հսկայական միլիարդներ գողանում են», իսկ սա, ըստ պատգամավորի, խոսում է այն մասին, որ կա պոտենցիալ շահույթ:

«Ոչ ոք հենց այնպես 500 միլիոն փող չի տալիս: Մարդը հաշվարկել է, և նույնիսկ էդ ժեստն են արել, որ մեկ տարի սուբսիդիաների կեսը կվերցնեն»,- շեշտեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել