Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անցկացնել:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ Բաղրամյան 26-ի ազդեցության տակ գտնվող ուժերը հանգիստ պայմաններում անցկացնեն ՀՀ պետական համակարգը կազմաքանդող նախագծի քվեարկություն։ Իրենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տան իրենց համախմբվածությունը և վճռականությունը: 
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այսօր հարթակում են լինելու բոլոր ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները:

Նախաձեռնության ներկայացուցիչների խոսքով` հավաքի ժամանակ ելույթ են ունենալու 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. Արամ Մանուկյանը ՀԱԿ-ից, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը և «Հիմնադիր խորհրդարանից» Գևորգ Սաֆարյանը:

Նշենք, սակայն, որ ներկայացված ընդդիմադիր ուժերի շրջանում ամեն ինչ չէ, որ այդքան հստակ է ու համաձայնեցված: Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ վերջիններս նայում են տարբեր ուղղություններով և տարակարծություններ ունեն մի շարք հարցերի վերաբերյալ:

Օրինակ` «Հիմնադիր խորհրդարանը», բացի սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ հանդես գալուց, բավականին կտրուկ դնում է նաև իշխանափոխության հարցը` պահանջելով նախագահի հրաժարականը, ինչը չի կարելի ասել ընդդիմադիր մյուս ուժերի մասին: Նրանց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ շատ ավելի մեղմ է: 
Ընդդիմադիր ուժերի մի մասը գտնում է, որ կարիք չկա սահմանին տիրող առանց այն էլ լարված իրավիճակի պայմաններում ցնցումներ առաջացնել երկրի ներսում: Եվ սա միակ օրինակը չէ:

Ուստի առնվազն անհասկանալի է, թե ինչպես են պատրաստվում նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեցող ընդդիրմադիր կուսակցությունները համախմբվել և «պայքարել» սահմանադրական փոփոխությունների դեմ:

Հ.Գ. Կարելի է, չէ՞, գոնե երկրի անվտանգությանը վերաբերող առաջնային հարցերի շուրջ գալ ընդհանուր համաձայնության, հետո միայն ժողովրդից պահանջել, որ միանան իրենց «գաղափարական պայքարին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել