Հետաքրքիր է, չէ՞, որ մեր ընդդիմությունը բոլոր հարցերում միշտ պառակտված է լինում, ինչ նախաձեռնի՝ անպայման տարաձայնություններ են առաջանում: Համենայն դեպս, վերջին տարիներին այդպես է, և կարծում եմ՝ դժվար չէ գուշակելը, թե ինչու կամ ում պատճառով. քաղաքական դաշտում նորից ծլեցին ՀՀՇ-ականները, որոնք հետագայում վերածվեցին նաև ՀԱԿ-ականների: Պատճառը նրանում է, որ այս մարդիկ, ամբողջ օրը բողոքելով երկրում առկա որոշ մենաշնորհներից, իրենք առաջին հերթին իրենց համար մենաշնորհ են փորձում ստեղծել ընդդիմադիր դաշտում՝ ամեն կերպ աշխատելով մյուս քաղաքական ուժերին փնովել, դուրս մղել նույն հարթակից:

Հերթական նման դեպքը գրանցվեց սեպտեմբերի 25-ին Գյումրիում, որտեղ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն անցկացրեց հանրահավաք՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, որի նախաձեռնողներից էին «ռեժիմին խուճապի մեջ պահող»՝ ՀՀՇ/ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը: Նույն հանրահավաքին (եթե դա կարելի է հանրահավաք անվանել, որովհետև ընդամենը մոտ 200 մարդ էին հավաքվել), սակայն, եկել էին և ելույթ ունենալու մեծ հույսեր ունեին նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Վերջիններիս հույսերն, իհարկե, չիրականացան, որովհետև «Չեք անցկացնի» կոչվող նախաձեռնության ծագումնաբանությունը ՀՀՇ/ՀԱԿ-ական է, հետևաբար սցենարն ու ելույթ ունեցողներն էլ ի սկզբանե որոշել էին ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստները, որոնք Հայրիկյանի ու Հարությունյանի համար ելույթ չէին նախատեսել, առավել ևս, որ ՀՀՇ/ՀԱԿ-ականները այս երկուսին համարում են «ծախված» քաղաքական գործիչներ: Այս հանգամանքը խիստ դուր չի եկել Պարույր Հայրիկյանին ու Արամ Հարությունյանին, վերջիններս նույնիսկ այնտեղ հարթակում կանգնած բացահայտ արտահայտել են իրենց դժգոհությունը, և բանը հասել է նրան, որ Արամ Մանուկյանի ու Լևոն Զուրաբյանի նախաձեռնությամբ իրենց 2 «մրցակիցներին» պարզապես իջեցրել են հարթակից ու դրել նրանց խիստ անհարմար և ծիծաղելի դրության մեջ: Չար լեզուներն ասում են, որ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի այս որոշման հետ համաձայն է եղել նաև «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարությունը:

Իհարկե, Հայրիկյանն ու Հարությունյանն առաջին անգամը չէ, որ ծիծաղելի ու նվաստացուցիչ դրության մեջ են հայտնվում, բայց այս անգամ հավանաբար ավելի նվաստացուցիչ էր, քանի որ նվաստացնողները նրանք էին, ովքեր դեռ իրենց իշխանության տարիներից արդեն իսկ վարկաբեկված էին ժողովրդի աչքում: 

Մեկ այլ ընդդիմադիր գործիչի համար մոնոպոլիստ ՀԱԿ-ականներն, այնուամենայնիվ, բացառություն արեցին իրենց սկզբունքներից և թույլ տվեցին նրան ելույթ ունենալ: Խոսքը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, որին չնայած ՀԱԿ-ը համարում է «սպառված» քաղաքական գործիչ, սակայն հանրահավաքի ժամանակ նրան ձայն տվեցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆին Գյումրիում բավականին շատ ձայներ էր հավաքել, և նրա խոսքը միգուցե լսելի լինի հանրահավաքի մոտ 200 մասնակիցների համար: Փաստորեն իրենց արդիական համարող ընդդիմադիրները դեմ չեն հարկ եղած դեպքում նաև «սպառվածների» հետ համագործակցելու: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ-ն իրականում ամենասպառվածն է, ապա ամեն ինչ տրամաբանության մեջ է դառնում:

Այսօր արդեն ասֆալտի հերոսների վերածված նախկին իշխանավորներին մնացել է միայն մի բան՝ քաղաքական ծաղրածուների ու «լուզեռների» տեղը ընդդիմադիր դաշտում, և գոնե այդ տեղը նրանք ոչ ոքի չեն ուզում զիջել, պատրաստ են նույնիսկ ատամներով պահել: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Մանուկյանի ու Զուրաբյանի արյուններն էլ այս պահին եռում են, քանի որ համեստ միջոցներով ապրող երկու ընդդիմադիրներն էլ վերջերս են վերադարձել արտերկրում հանգստանալուց, մանավանդ Զուրաբյանն էլ՝ Թուրքիայից, որտեղ հավանաբար նոր լիցքեր է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել