Tert.am-ը գրում է.

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթով է հանդես եկել կառույցի ղեկավար Անն Բրասերն ու այն նվիրել Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա, մասնավորապես, մատնանշել է լուրջ խախտումները Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքերում։

«Որոշ երկրներում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները հետապնդվում են, ճնշումների ենթարկվում։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար դա անթույլատրելի է»,-ասել է նա։

Նման փաստերի հիշատակման ընթացքում նա նշել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի անունը, որը մինչ այժմ բանտում է։

Մամեդլիին քաղբանտարկյալ կոչելուց հետո Բրասերը ցավով նկատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում նա փորձել է հանդիպել նրան, սակայն իրեն մերժել են։

«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումն ու իրավունքների սահմանափակումները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները, ինչն անթույլատրելի է։ Արիֆ և Լեյլա Յունուսների, Խադիջա Իսմայիլովայի դատավճիռները մեզ մտահոգում են։ Վաղուց եկել է ժամանակը, որ Ադրբեջանն արմատապես փոխի իր մոտեցումը մարդու իրավունքների հարցերում»,-ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Բրասերը նշել է, որ Բաքուն մերժել է ընդունել ԺՀՄԻԳ-ի բավարար չափով դիտորդների, ինչը «թույլ չի տա եզրակացնել, որ այդ ընտրությունները համապատասխանում են ԵԽ-ի չափանիշներին ու կառույցի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել