Սահմանային լարվածության և դրա շուրջ քննարկումների վերաբերյալ մի բան էլ ես եմ ցանկանում ասել: Չեմ կարծում, որ կա գեթ մեկ հայ, ում համար սրբություն չէ սահմանին զրկանքներ կրող զինվորը: Ժողովուրդ ջան, սրանք նուրբ թեմաներ են, կարծիքներ հայտնելուց մի փոքր զգույշ եղեք: Նամանավանդ բանակ չտեսած չծառայած մարդիկ լավ կանեն մի փոքր զուսպ լինեն որակումներում: Հավատացնում եմ Ձեզ` ԼՂՀ Մարտակերտի թեժ կետերում ծառայելուս տարիներին մի փոքր փորձ ու հոտառություն ձեռք բերել եմ, որ խոսեմ նման թեմաների մասին:

Այստեղ շատ կարևոր է խուճապ չառաջացնելն ու թիկունքում ավելորդ լարվածություն չստեղծելը: Երևանում, այո, բոլորը պետք է զգոն լինեն, ու նորմալ է, որ բոլորս անհանգստանում ենք, մտահոգվում ենք, բայց հեչ պարտադիր չէ շեղվել բնականոն կյանքի հունից ու սգո կոչեր անել:

Հանրությունը պետք է հասկանա, որ մեր մարտունակ բանակի շնորհիվ կյանքը բնականոն հունով շարունակվում է, չեմ կիսում նաև այն մտահոգությունը, որ Էրեբունի-Երևանի օրը պետք է չնշվի։

Նախ՝ ֆինանսական առումով դա հիմնականում իրագործվում է բիզնեսի հովանավորությամբ, երկրորդ` չնշելը կարող է հանրության լայն շերտերի մոտ խուճապ առաջացնել և վախի մթնոլորտ սերմանել, երրորդ` իմ կարծիքով նշելու խորհուրդը հետևյալում է. մենք պետք է ցույց տանք, որ Հայոց մարտունակ բանակի շնորհիվ մեր երկրում կյանքն անսասան շարունակվում է:

Հ.Գ. Առհասարակ, իսկ այս օրերին մասնավորապես` խնդրում եմ միմյանց նկատմամբ այդքան կոպիտ չլինել, յուրաքանչյուրս սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունենք, ու միմյանց հետ չհամաձայնվելը պետք չէ արտահայտել աբորիգեններին բնորոշ ոճով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել