Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվ պատճառելու համար. տեղեկացնում է  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել