Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24 և 25-ի սահմանային գործողություններից հետո, այլևս չպետք է հույս դնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունները ինչ-որ կերպ կլիցքաթափեն իրավիճակը ՀՀ սահմանին, կամ ղարբաղա-ադրբեջանական շփման գծում:

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով գտնում է, որ  վերջին  գործողություններով` Ադրբեջանը  փորձում էր փոխել սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգը:  Այսինքն` որ արտգործնախարարները խոսեին ոչ թե նախագահների հանդիպման, այլ սահմանում ստեղծված իրավիճակի մասին:

«Բոլորս գիտեինք, որ արտգործնախարարները պետք է պատրաստեին նախագահների  հաջորդ հանդիպումը և, ըստ էության, Ադրբեջանը չէր ցանկանում շարունակել քաղաքական բանակցությունները»,- ասաց քաղաքագետը:

Նա արձանագրեց, որ այս ուղղությամբ ադրբեջանական հետևողական գործողությունները հանգեցրել են նրան, որ հետագա բանակցությունների հեռանկարը ավելի ու ավելի խամրած է:

Ինչ վերաբերում է համանախագահության և Ուորլիքի` այս ամենի վերաբերյալ վերջին դիտարկումներին, ապա նշեց, որ վերջիններս փորձում են մնալ իրենց միջնորդական առաքելության շրջանակներում և կամ  չունեն քաղաքական կամք` մատնանշելու բուն վտանգը ու ինչ-որ այլ նուրբ գործիքների վրա են հույսը դնում:

«Վե՞րջ միջնորդական առաքելությանը»՝ մեր այս հարցին ի պատասխան` Հրանտ Մելիք-Շահնազարյանը միանշանակ դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ միջնորդներն այսօր չունեն Ադրբեջանի վրա ազդելու լծակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել