Tert.am-ը գրում է.

Դաշտում խաղող չի մնա, խաղողի ողջ բերքը, անկախ ծավալներից մթերվելու է, չնայած այս տարի խաղողի բերքը գերազանցում է նախորդ տարվա բերքը մոտ 30 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով երեկ այցելել էր Տավուշի մարզ, որի ընթացքում ևս հավաստիացրել է, որ մարզի ողջ բերքը, համաձայն Տավուշի մարզում գործող վերամշակողների հավաստիացումների` կմթերվի:

«Խաղողի մթերման գործընթացն ընթացքի մեջ է, սկսվել են ամսի 7-ից: Հանրապետությունում կան 49 վերամշակող, մթերող կազմակերպություններ, որից 32-ը սկսել են մթերումները: Հիմնական վայրերը, որտեղ մթերումները չեն սկսվել, Վայոց ձորն է, որտեղ մթերումները կսկսվեն հոկտեմբերի 1-ից հետո»,- վարչապետին զեկուցեց Սերգո Կարապետյանը:

Նախարարը, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցի, նշեց, որ առատ բերքը, ամեն դեպքում, որոշակի դժվարություններ է հարուցել: Միայն համեմատության համար գյուղնախարարը տեղեկացրեց, որ հակառակ իրենց կանխատեսումների, այս տարվա խաղողի բերքը ավել է նախորդ տարվանից մոտ 30 տոկոսով:

Գինի արտադրող գործարաններն էլ ունեն որոշակի դժվարություններ, ֆինանսական խնդիրներ` կապված արտահանումների ծավալի կրճատման հետ: Որոշ գործարաններ էլ տարաների խնդիր ունեն, քանի որ դրանք լիքն են: 

Ինչ վերաբերում է Տավուշի մարզին, ապա նախարար տեղեկացրեց, որ այնտեղի հինգ մթերող կազմակերպություններից երեքն արդեն սկսել են աշխատանքները, երկուսը կսկսեն մի քանի օրից:

Սերգո Կարապետյանի` Տավուշի մարզում գտնվելու ժամանակ հնչել է կրակոց և գյուղապետը հորդորել է հավաքված մարդկանց լքել տարածքը՝ համայնքի բնակիչների անվտանգությունից ելնելով: Վարչապետը արձագանքեց. «Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել