Արդեն մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի քայլը, ով այսպես կոչված «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարն էր (ի դեպ, այդ շարժում ասվածը ՀՀ պետռեգիստրում գրանցված չէ) ու ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում` տպավորություն ստեղծելով, իբր պայքարում է երկրում առկա մի շարք խնդիրների դեմ:

Նշենք, որ ընտանիքով հայտնվելով Ադրբեջանում՝ վերջինս հայտարարել է, թե իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով ինքը ՀՀ պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվում: Մարտիրոսյանն Ադրբեջան փախուստը պատճառաբանել է նաև իր ընտանիքին սպառնացող վտանգով:

Հետաքրքիրն այն է, որ այս օրերին բավական ակտիվացել է նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով, արտահայտելով իր «հեղինակավոր» կարծիքը, Վահանի ֆոնի վրա փորձում է իր վրայից ջնջել դավաճանի պիտակը:

Հիշեցնենք, որ Խզմալյանն ամիսներ առաջ հարցազրույց էր տվել ադրբեջանական haqqin.az կայքին՝ խոսելով երկրում տիրող տնտեսական իրավիճակի մասին` քննադատելով Հայաստանի իշխանություններին:

Իսկ հարցին, թե ինչ տարբերություն կա ադրբեջանական կայքերին տված իր հարցազրույցի և Վ.Մարտիրոսյանի ասուլիսի միջև, կինոռեժիսորը հպարտորեն պատասխանել է, թե տարբերությունը տեսնելը շատ հեշտ է: Խզմալյանն արդարացնելով իրեն նշել է, որ ինքը չի փախել որևէ տեղ, խոսել է իր երկրում ու այդ ամենն արել է, որպեսզի փոխի իր երկիրը:

Իհարկե մենք հոգաչափ շնորհակալ ենք «պարոն» Խզմալյանին՝ վերջինիս կատարած «ազգանվեր» քայլի համար, սակայն ինչքան էլ Խզմալյանը փորձի արդարացնել իրեն, նշենք, որ դավաճանությունն արդեն կատարված փաստ է, ու մեծ հաշվով էական չէ` հարցազրույցն ադրբեջանական կայքին տրվել է ՀՀ-ից, թե՝ Ադրբեջանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել