albertԴու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ:
Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են, ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես, և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս: Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը: Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել… Խորը մարդիկ երկար են հիշվում …

  • Չկարծեք, որ ձեր բարեկամները Ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին՝ իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ Դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք: Բայց ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ Դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է: Ավելի շուտ նրանք Ձեզ կմղեն ինքնասպանության՝ թելադրելով, որ դա միակ ելքն է Ձեր դրության մեջ:
  • Ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը: Ես կյանքն այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել: Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից:
  • Ժամանակին իմ տունը լիքն էր կիսատ կարդացված գրքերով: Եվ դա զզվելի էր, ինչպես այն մարդիկ, որոնք չաղ լյարդից մի կտոր ուտում են, իսկ մնացածը նետել տալիս:
  • Ես վիճում եմ մարդկանց հետ, բայց ես ոչ թե ներում, այլ պարզապես մոռանում եմ վիրավորանքները: Եվ նա, ով կարծում էր, թե ատում եմ իրեն, ապշում է` տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն: Ըստ իր բնավորության` նա հիանում է իմ մեծահոգությամբ կամ արհամարհում է իմ վախկոտությունը՝ առանց մտածելու, որ իմ տրամաբանությունն ավելի ՊԱՐԶ է… Ես նույնիսկ իր անունը մոռացած եմ լինում: Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց պարզապես դժբախտացնում էր: Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց: Ինձնից բացի ես ոչ մի բան չեմ հիշում:
  • Որքա՜ն ենք սիրում մեր հենց նոր մահացած բարեկամներին, այդպես չէ՞: Այդ ժամանակ հարգանքը տրվում է շատ բնականորեն, այն հարգանքը, որին գուցե մեզնից սպասել են ամբողջ կյանքում: Բայց գիտե՞ք՝ ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ: Պատճառը շատ պարզ է: Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք: Նրանք մեզ ազատ են թողնում և կարող են երկար սպասել: Եթե մի բանով նրանք մեզ պարտավորեցնում են, այդ էլ հիշողությունն է, իսկ մենք կարճ հիշողություն ունենք: Ոչ, մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած, մենք մեզ ենք սիրում:
  • Դուք նկատած կլինեք. մարդիկ կան, որոնց կրոնը բոլոր վիրավորանքները ներելն է. նրանք իսկապես ներում են, բայց երբեք չեն մոռանում: Ես այնքան լավ կտորից չէի ստեղծված, որ վիրավորանքները ներեի, պարզապես մոռանում էի: Եվ նա, ով կարծում էր, թե իրեն ատում եմ, ապշում էր՝ տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն: Ըստ իր բնավորության՝ նա հիանում էր իմ մեծահոգությամբ կամ արհամարհում էր իմ վախկոտությունը՝ առանց մտածելու, որ իմ տրամաբանությունն ավելի պարզ էր. ես նույնիսկ իր անունը մոռացած էի լինում:
  • Ես, որ սենտիմենատալ չեմ, գիտե՞ք, թե ինչ եմ երազում. մի իդեալական սեր, որ լցնում է ամբողջ հոգին ու մարմինը ցերեկ թե գիշեր, անդադրում գրկախառնումների մեջ, մարմնական վայելքներով և մտային հուզումով լեցուն, և այս թող իրականանար հինգ տարի անընդհատ և թող մահվամբ վերջանար… Ավա՜ղ…
    Մահը մենակ է, մինչ ստրկությունը հավաքական է… Ամեն մարդ իր բաժինը կստանա, բայց ամենակարևորն այն է, որ կստանա ուրիշների հետ… Եվ այսպես, բոլորս ի վերջո միացած ենք, բայց ծնկի եկած, գլուխներս խոնարհած…
  • Իրականում ես սխալ արեցի՝ ասելով ձեզ, որ կարևորը դատապարտությունից խուսափելն էր… Կարևորն ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը… Ես ինձ նորից ամեն ինչ թույլ եմ տալիս, այս անգամ առանց ծիծաղելու… Ես կյանքիս ձևը չեմ փոխել, շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել…
  • Եվ ես խղճում եմ առանց վերլուծելու, հասկանում եմ առանց ներելու և, մանավանդ, ա՜հ, վերջապես զգում եմ, որ ինձ պաշտում են…
    Ինչպե՞ս անել ուրիշ մարդ դառնալու համար… Անկարելի է… Պետք է մոռանալ որևէ մեկ լինելդ, ուրիշի համար ինքդ քեզ մոռանալ առնվազն մի անգամ…
  • Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն ուշ է… միշտ շատ ուշ է լինելու… բարեբախտաբար…
  • Բայց Դուք ինքնասպանություն եք գործել, և մի՞թե կարևոր է` Ձեզ հավատում են, թե՝ ոչ. Դուք այլևս չեք կարող նրանց` թեկուզ ակնթարթային զարմանքին և զղջմանը ներկա լինել, չեք կարող մասնակցել, ինչպես երազում է յուրաքանչյուր մարդ, սեփական հուղարկավորությանը: Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց: Հետո, ավելի լավ չէ՞ այդպես լինելը: Մենք շատ ենք տառապում նրանց անտարբերությունից:
    «Նա ինքնասպան եղավ, որովհետև չկարողացավ տանել, որ…»: Ահ, սիրելի բարեկամ, մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում: Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին: Երբ մահանաք, նրանք առիթից պետք է օգտվեն և Ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարտիրոսները, սիրելի բարեկամ, պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել