Վիեննայում Իրանի և «5+1» երկրների միջև ս.թ. հուլիսի 14-ին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ մերձավորարևելյան տարածաշրջանում մեկնարկել է ուժերի նոր դերաբաշխման գործընթաց: Նշանակալի իրադարձություններից մեկը ՌԴ ռազմաքաղաքական ներկայության մեծացումն է Սիրիայում, որին բացահայտորեն իր օժանդակությունն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունը: ՌԴ գործողությունների ակտիվացմանը Սիրիայում նույնիսկ չեն փորձում հակազդել այն արաբական երկրները, որոնք ժամ առաջ ցանկանում էին տապալված տեսնել Բաշար Ալ-Ասադի իշխանությունը:

Դժվար է ասել, թե ինչպես կավարտվի ուժերի նոր դերաբաշխման գործընթացը, սակայն նկատելի է, որ տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման հրամայականը դառնում է գերակա օրակարգային խնդիր: Սիրիական հակամարտության կարգավորման արևմտյան մոդելն այլևս դադարում է վստահություն ներշնչել տարածաշրջանային մի շարք երկրների մոտ, որոնք փորձում են գոնե ժամանակավորապես չխանգարել այն այլընտրանքային ուժերին, որոնք կնպաստեն կայուն իրավիճակի ստեղծմանը՝ անկախ նրանից՝ դա կաշխատի ի վնաս, թե հօգուտ Բաշար Ալ-Ասադի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել