Image result for աժԽորհրդարանում մեկնարկել են սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները: ԱԺ-ն բավականին թեժ մթնոլորտում քննարկում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը:

Նախատեսվում է, որ մինչև հաջորդ քառօրյա մասնագիտական հանձնաժողովը քննարկելու է խորհրդարանական ուժերի առաջարկները, իսկ հոկտեմբերի սկզբի քառօրյայում հայտարարելու է, թե որ առաջարկներն են ընդունվել, և հարցը դրվելու է քվեարկության:

Հարկ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովն օրերս հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը, որտեղ, ի թիվս այլ նկատառումների, ներկայացված է նաև համամասնական ընտրակարգի անցնելու և կայուն խորհրդարանական մեծամասնություն կազմելու վերաբերյալ Սահմանադրության փոփոխության նախագծի առանցքային համարվող 89-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ առաջին միջանկյալ կարծիքում ներառված էին հիմնական չորս առաջարկություններ, որոնք բոլորն էլ ամբողջությամբ կամ մասնակիորեն հաշվի են առնվել: 
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների վերամշակված տարբերակում հստակեցվել է նաև միասեռ ամուսնությունների հետ կապված դրույթը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում:

Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակում «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն» ձևակերպման փոխարեն գրված է «Ամուսնական տարիքի հասած կանայք և տղամարդիկ իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:

Հուսանք, որ սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը մեզ կտա կառավարման ավելի արդյունավետ համակարգ` լրացնելով դաշտում առկա թերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել