Ես` Բրյուսելում, դուք` Երևանում։ Մի կողմից, լավ է, որ քնած եք։ Հանգիստ, առանց նամակների, կգրեմ։

Այստեղ՝ աշխատանքի մեջ, բայց հայկական վիրտուալ «իրականությունից» հեռու, հնարավոր է հանդարտ մտորել որոշ ֆունդամենտալ խնդիրների շուրջ։

Գտնվելով Եվրոպայի սրտում՝ հիմնականում կայացած և կարգավորված կյանքով ապրող մարդկանց մեջ` մի կարևոր բան ես հասկանում։ Այստեղ նորմալ մարդկային հարաբերությունների հաստատման մեջ շատ կարևոր է եղել յուրաքանչյուր քաղաքացու` հանրային բարիքների համար պայքարելու ունակությունը։ Եվ խոսքը չի գնում տվյալ դեպքում քաղաքացի-պետություն դիմակայության մասին։

Խոսքը, նախևառաջ, ՆԵՐՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ հարաբերությունների կարգավորման մասին է։ Երբ հանրային նորման, բացի օրենք լինելուց, նախ հանրային պահանջ է, հասարակական մեծամասնության դոգմա։ Երբ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը ոչ թե մարտահրավեր է պետությանը, այլ որոշակի ինքնակարգավորման ունակություն ունեցող հանրույթ։

Սա է իրական մասնակցային ժողովրդավարությունն ու քաղաքացիական էթիկան։ Հավասարը հավասարների մեջ. հին հռոմեական կանոնն է դրված կայացած հասարակությունների հիմքում։ Մնացածը «քաղաքացիական» խուժանություն է, որին, օրենքից բացի, կրկին կհակազդի մեկ այլ ամբոխավարություն, կապ չունի, թե ինչ բրենդի տակ։

Արդյոք սա՞ է մեր ուզածը։ Հաստատ ՈՉ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել