ԱՄՆ-ում հանրապետական, բայց մտածող մի տեսաբան կա` Պատրիկ Բյուքենեն: Ինքը մի գիրք ունի գրած, որտեղ խոսում է ԱՄՆ-ի իսպանականացման մասին: Եվ կանխատեսումներ է անում, որ 2050 թ.-ին արդեն առնվազն Կալիֆորնիա, Տեխաս և Նևադա նահանգներում պաշտոնական առաջին լեզուն ճանաչվելու է իսպաներենը, քանի որ ԱՄՆ-ն այսօր իրականացնում է այնպիսի միգրացիոն քաղաքականություն, որ չի հասցնում ասիմիլացնել (տվյալ դեպքում ամերիկանացնել) ներգաղթյալներին: ԱՄՆ-ն մի քանի անգամ ենթարկվել է միգրացիոն հոսքերի` 18-րդ դարում աֆրիկացի ստրուկների տեսքով, 19-րդ դարի առաջին կեսին՝ գերմանացիների տեսքով, 19-րդ դարի երկրորդ կեսին՝ իռլանդացիների տեսքով, 20-րդ դարի առաջին կեսին՝ իտալացիների տեսքով, 20-րդ դարի վերջից մինչ այժմ Լատինական Ամերիկայից ներգաղթյալների տեսքով: Բայց մինչ հիմա նրան հաջողվել է ամերիկանացնել ներգաղթյալներին, քանի որ միգրացիոն մեծ հոսքերից հետո կտրուկ փակել է սահմանը ներգաղթյալների առաջ: Հիմա էլ նույնը կարելի է ասել Եվրոպայի մասին: Եթե շարունակվի արաբական աշխարհից անկառավարելի հոսքերը դեպի Եվրոպա, ոչ թե Եվրոպան կկործանվի, կվերանա և այլն, այլ պարզապես դիմագիծը կփոխի: Եվրոպական արժեհամակարգի մաս կազմող և այդքան հովվերգվող հանդուրժողականությունը կարող է սպառնալ Եվրոպայի ներկայիս տեսքով գոյությանը: Հիշենք, որ Հռոմի կործանումը սկսվեց այն պահից, երբ հռոմեական հասարակությունում սկսեցին զանգվածաբար ներգրավել վանդալների, գոթերի, գերմանների և այլոց: Ի վերջո, այդ ներգաղթյալները ձեռք գգցեցին հռոմեական քաղաքակրթության տեխնիկական միջոցներին ու դրանով էլ կործանեցին Հռոմը: 
Հ.Գ. Իմիջիայլոց, Կոստան Զարյանն իր «Սպանիա» աշխատությունում նույնպես խոսում է այս երևույթի մասին, երբ մեջբերումներ է անում Սերվանտեսի խոհերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել