Ուզում եմ մի հատ տեղը տեղին, պետք էղածի պես լաաավ ամաչեցնել ձեզ, հայազգի ինքնահավան էստրադային ու փոփ աստղիկներ ու աստղափոշու մասնիկներ: 
Ու ասեմ, թե ինչու՝ դուք, որ ուրիշների երգերը վերցնում ու «քավր» եք անում, մեր հայտնի ու ոչ էնքան հայտնի երգահանների ու կոմպոզիտորների դատած հացն եք փաստորեն ուտում, նրանց շնորհքի ու տաղանդի շնորհիվ եք պլպլում հայկական շոու բիզնեսի երկնակամար կոչվածում (եթե էդպիսին կա), բա չեք ամաչո՞ւմ, որ հեղինակների անունները որպես կանոն չեք նշում… թե՞ էդ մարդիկ կամ նրանց ժառանգները պիտի երջանիկ լինեն էս ու հանդերձյալ աշխարհներում, որ ձեզ պես տաղանդաշատ մլավողները շնորհ արեցին ու էդ երգերը կատարեցին… Չեք մտածո՞ւմ, որ հեղինակն ա հիմքը ձեր մլավոցի ու մկկոցի: Ու եթե անկեղծ լինենք՝ էնքան էլ երջանիկ չի էդ հեղինակը, որ իր ստեղծագործության աղավաղված քավրը ձեր շուրթերից հնչում ա… Բայց բոլոր դեպքերում հնչում ա, չէ՞: Դե ուրեմն մարդկություն ու դաստիարակություն ունեցեք ձեր կլիպային խզբզանքներում մի տեղ, սկզբում կամ վերջում հեղինակների անունները նշել, կարգն էդպես ա ողջ քաղաքակիրթ աշխարհում: Դա նշանակում ա հարգել էն մարդուն, ում շնորհիվ էսօր ձգտում եք դուք մարդամեջ մտնել, երաժիշտ ու երգիչ կոչվել: Անշուշտ, բոլորդ չեք, որ էդպես անշրջահայաց եք ու անաղուհաց, կան նաև հեղինակային իրավունքը հարգողներ: Բայց, ցավոք, մեծամասնություն չեն կազմում: Ձեռքներդ չի կոտրվի, սովորեք գրել հեղինակների անունները՝ դրանով դուք կհարգեք նախևառաջ ինքներդ ձեզ: Էն մարդկանց, ովքեր արդեն էդ գործն արել են, դա, հավատացեք, էնքան պետք չի, իմացողն իմանում ա նրանց ու միշտ հիշում ա: 
Թե չէ գլխիս չափ տառերով նշում եք ձեր նվիրական անուն-ազգանունները, չեք զլանում նշել ռեժիսորներին (կամ ռեժիսորակերպ կլիպահաններին), բայց հեղինակների հաշվով՝ քար լռություն… Ամոթ ա, մտեք վիքիփեդիա ու նայեք՝ նորմալ հասարակություններում հեղինակները միշտ նշվում են: Կրտսերները պիտի հարգեն ավագներին, աշխարհի կարգն ա: Սա քլնգել չի, սա դաս ա, որը դուք չեք անցել, որովհետև երևի սովորեցնող չեք ունեցել ցավոք: 
Հուսամ՝ գոնե մի քանիսդ անհրաժեշտ հետևություններ կանեք: Ձեզ ստեղծագործական հաջողություններ, հարգանք վայելելու ձևերը սովորելու համար երբեք ուշ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել