Միայն այն հանգամանքը, որ մի ամբողջ երկու օր սոցցանցերի և էլէկտրոնային լրատվամիջոցների համար թիվ մեկ լուրը հանդիսանում էր հագուստի պատճառով ոմն օգնականի աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը, որն անգամ ստվերել էր մնացած բոլոր կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում կամ մեր երկրից դուրս, խոսում է մի բանի մասին. կա՛մ մեր հասարակությանը բացարձակապես չի հետաքրքրում, այն ինչ կատարվում է մեր երկրում, կա՛մ պարզապես ուղղակիորեն արհամարհում է բոլորին և փնտրում միայն 'թեթև' թեմաներ, կա՛մ մեր հասարակությունը մեծ, շատ մեծ խնդիր ունի, որի մասին անհրաժեշտ է լրջորեն խորհել...
Բոլոր դեպքերում, ինձ համար ոչ միայն մտահոգիչ, այլև զգաստացնող ազդակ է այս ամենը…
…Մենք ինչով ենք զբաղված, իսկ տեսեք, թե մեր հարևաններն ի՞նչ են անում…
Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի V-րդ գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը երեկ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վաղեմի ադրբեջանական հող, և ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը նույնպես պատմական ադրբեջանական հող է, որը 20-րդ դարի սկզբին անջատելով Ադրբեջանից և այն հանձնելով Հայաստանին՝ խախտել են ողջ թուրքական աշխարհի աշխարհագրական միասնությունը: 
Իհարկե, մենք քմծիծաղ կտանք, ավելին` կասենք, որ ադրբեջանական պետության ղեկավարի տգիտությունը սահման չունի, որ պատմության կեղծումը դրված է այդ պետության պետական քաղաքականության հիմքում և այսպես շարունակ…
Իսկ իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է մեկ անգամ հստակ, արժանապատվորեն և հավուր պատշաճի պատասխանել այդ անձի հայտարարություններին, հակառակ դեպքում, մեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել, իսկ միջազգային հանրության «ականջները» սովոր են հավատալ ամեն մի կեղծիքի, որի վերաբերյալ լսում են օրումեջ:
Իսկապես մի քիչ սթափվել է պետք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել