Կարդում էի Ֆեյսբուքի օգտատեր Վ. Խաչատրյանի գրառումը: Բարձրացված խնդիրը շատ տեղին է ու արդարացված: Կարծում եմ՝ պետական լիազոր մարմինները պետք է լրջագույնս զբաղվեն «Հանրային հեռուստաալիքով» մատուցվող հաղորդումների որակով, բովանդակությամբ՝ հաշվի առնելով դրանց թիրախային ուղղվածությունը և այն նպատակաները, որոնք դրված են «Հանրային հեռուստաալիքի» առաջ: Մինչդեռ այսօր Հ1-ը բառիս ամենաուղիղ իմաստով ողողված է աղբով, որոնք ոչ այլ ինչ են, քան հասարակությանը բթացնող, ազգային արժեքներից շեղող շոուներ, թոքշուոներ, բանավեճեր և այլն: Սրան գումարվում է ոչ գրական հայերեն լեզվի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալիզմը, ու ցավալի է, որ լրագրողը կամ հաղորդավարը ունակ է միայն տեքստն իր առջև դրված վազող տողերից կարդալ, իսկ երբ պետք է հավելյալ լուր հայտնել կամ որևէ միտք ձևակերպել, ավելի լավ է ականջներն այդ պահին փակել՝ նոր հայերեն լեզվի գլուխգործոցներ չլսելու համար: Հ1-ի աղբերը շատ են, բայց հատուկ ուզում եմ շեշտել, օրինակ, «Ազատ գոտի» հաղորդաշարը, մասնավորապես, եթե դիտել եք վեջին հաղորդումներից մեկը՝ իրենց մտավորական հռչակածների մասնակցությամբ, ովքեր Հ1-ի եթերում բոցաշունչ ելույթներով փորձում էին ապացուցել իրենց մեծ ու պահանջարկված լինելու հանգամանքը, կռիվ էին տալիս, որ սեքսի մասին բանաստեղծություններ գրելը նույնքան բարոյական է: Դե արի ու մի ասա, Հ1-ի եթերում քարոզում ես սեքսի կամ կուսության մասին բանաստեղծություն կարդա՞լ: Փորձում ես համոզել, որ դրանց մասին գիրքը գնող ու կարդացող կա՞: Թե՞ հերթական արտասահմանյան գրանտակերներից եք, որ փորձում են նաև այդ հողի վրա խեղաթյուրել այս հասարակության բարոյական նկարագիրը: Ուրեմն մտավորական ասելով պետք է ձե՞զ հիշենք ու տուրք տանք հա՞: Գոնե գիտեք՝ ինչ ասել է մտավորական: Արդյոք նա՞, ով սեքսի մասին հանգանակված, բայց դատարկաբանությամբ հագեցված տեքստեր է հրամցնում: Ո՛չ: Մտավորականությունն ազգի ռազմավարական էլիտայի կարևոր տարր է, իսկ ես սեքսի մոլուցքով տառապող, կյանքից բոլոր առումներով չբավարարված, գրանտակեր կամ փողերի լվացման համար էջեր սևացնող անձանց մտավորական անվանելու բարոյական իրավունք չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել