Վերջերս ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային «բարեփոխումների» իրականացմանը: Եվ ի կատարումն այդ ծրագրի` որոշել, որ ՀՀ պետք է անցում կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Կառավարությունը իր այս քայլը մեկնաբանում է հետևյալ կերպ` «Յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի ինքը ծրագրել և ապահովել իր բարեկեցիկ ծերությունը, իսկ բարեկեցության բարձր մակարդակ ապահովելու համար մեր երկրի քաղաքացիները պետության հետ մեկտեղ պետք է ստանձնեն սեփական ապագան կերտելու պարտավորությունը»:
Այս ծրագիրը, իհարկե, կարող է լավ միտք լինել, բայց ո՛չ Հայաստանում և առանց այդ էլ խղճուկ աշխատավարձ ստացող մեր հայրենակիցների համար, որոնք նույնիսկ այդ գումարով օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել, ուր մնաց ծերության մասին մտածեն:
Սակայն խնդիրը դրանում չէ, ինձ ավելի շատ մի քանի այլ հարցերի պատասխան է հետաքրքրում...
1. Եթե քաղաքացին է կուտակելու իր միջոցներից, ի՞նչ կապ ունի այդտեղ պետությունը:
2. Ո՞ր ֆոնդերին են տալու այդ գումարները ու ինչո՞ւ հասարակությունը չի որոշում՝ ում վստահի իր գումարները:
3. Որտե՞ղ են երաշխիքները, որ այդ գումարները ստանալու պահին այդ կազմապերպությունները չեն լուծարվի (մենք ունենք խորհրդային համակարգի և «Հայխնայբանկում» մեր կուտակած գումարների դառը փորձը):
4. Իսկ ինչպե՞ս է լուծվելու այն քաղաքացիների հարցը, որոնք, ասենք, 15 տարի կուտակելուց հետո այլ պետություն տեղափոխվեն և վերջինիս քաղաքացի դառնան:
5. Ինչո՞ւ քաղաքացուն հնարավորություն չի տրվում, որ ինքը որոշի, թե ինչպես կառուցի իր ապագան:
6. Եվ վերջապես մի՞թե որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այդ գումարները չեն շրջանառվելու, իսկ եկամուտները ոմանց գրպանը չեն գնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել