388Թանկագին ծերուկներ.
Ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում:
Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:
Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:

Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարն իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է, և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող, և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը…

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ՝ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:
Երբեմն հիշեք XX դարի այս համեստ կոնդոտիերին:

Համբուրեք Սելիային, Ռոբերտոյին, Խուան-Մարտինին և Պոտոտինային, Բեատրիսին, բոլորին:

Ամուր գրկում է ձեզ ձեր անառակ և անուղղելի որդի Էռնեստոն:

Չե Գևարայի նամակն իր ծնողներին (գրված է 1965 թ.-ի ապրիլի 1-ին)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել