Անդադար քննարկվում է մահմեդական գաղթականների Եվրոպա հաստատվելու խնդիրը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նույն Եվրոպայի մեջ դա արվում է խելամիտ ծանր ու կշիռ անելով, իսկ հետամնաց ու Չարիքի կայսրության ու նրա գաղութների մեջ՝ սոսկալի կրքով, թեեւ այդ խնդիրն ու նաեւ թե որքանով կիսլամանա Եվրոպան՝ բոլորովին չի կարող վերաբերել ու առավել եւս հոգս դառնալ այն երկրների համար ու մեջ, ուր ընտրություններին իշխանությունը ոչ թե ընտրվել, այլ նվաճել է չեկիստական բանդան: Ի դեպ, պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ ռուսաստանի ու իր գաղութի աչքից «վրիպում» է այն վաղուց հաստատված փաստը, թե ռուսաստանը բազմաթիվ ճակատներով է պատերազմում աշխարհի մեջ ու տարբեր ժողովուրդների դեմ: Կոպիտ ու անօրինական իր միջամտությունները գաղտնի պահելով աշխատում է նաեւ իր ներքին լսարանին, այսինքն այն ժողովրդին որին անգամ ժողովուրդ չի համարում ու ստորացնում է նրան, համոզել, թե «Եվրոպայի համար վտանգավոր ժամանակներ են սկսելու ու այդ մայրցամաքը այլեւս գոյություն չունի» (սա այն բառացի արտահայտությունն է, որ երեկ լսեցի ռուսական ստախոս ազգային կայանից):
Ես կարծում եմ, որ կրկին պետք է խոսեմ Եվրոպայի, ու մասնավորապես Ֆրանսայի մասին, ուր ոչ միայն ապրում եմ, այլ աշխատում եմ ու շփվում հիմնականին ու բարեբախտաբար մտավորականության ու քաղաքական գործիչների հետ, որոնք լայնախոհ են ու խելամիտ եւ որոնց համար խնդիրն իրավացիորեն ոչ թե կրոնական է, այլ քաղաքական: Որովհետեւ «Եվրոպայի իսլամացման վտանգով» անհանգիստ «վերլուծաբաններից» վստահաբար որեւէ մեկը տեղյակ էլ չէ, թե աֆրիկական երկրներից մահմեդականները հաստատվել են Ֆրանսա դեռեւս Ֆրանսուա Միթերանի նախագահության շրջանին: Եւ հրավիրվել են որպես Ֆրանսայի նախկին գաղութներից որպես Ֆրանսայի հպատակներ որպես էլեկտորատ: Այսինքն՝ սոցիալիստական հավասարության կեղծ հեքիաթներով տարված հայտնվել են հիմնականին օգտվելու այն համակարգից որ երկիրը ստեղծել է: Ի հարկե՛ այդ հսկայական զանգվածի մեջ պետք է լինեին մարդիկ, որ արդեն մի քանի սերունդ այս երկրի մեջ ապրելով ու Ֆրանսայի ժողովրդականության շնորհիվ, չպետք է մերվեին երկրին ու բարքերին: Բայց հիմնական հատվածը ոչ միայն մերվել ու դարձել է արժանապատիվ քաղաքացին Ֆրանսայի, այլ եւ դարձել է մասնագետ: Անսահման են մահմեդական բժիշկներն ու գիտնականները, ուսուցիչներն ու փիլիսոփաները, իրավագետներն ու ինժեներները: Բայց սա Ֆրանսան չի իսլամացնում, որովհետեւ այդ մարդիկ ընդունել են այս երկրի հիմնական աշխարհիկ սկզբունքներն ու անկախ այն բանից, թե իրենց տանն ում են աղոթում՝ Եհովային թե Քրիստոսին, Մուհամեդին, թե Բուդայի փոքրիկ արձանիկին, սրանք բոլորը ֆրանսացիներ են հավասար իրավունքներով, օրենքի առջեւ պատասխանատվության կատարյալ հավասար պայմանով:
«Եվրոպայի իսլամացման» հոգսով քրքրվողները չգիտեն նաեւ, թե Ֆրանսայի այսօրվա սոցիալիստ Նաժաթ Վալո- Բել Քասեմ կրթության նախարարուհին առաջարկել է հանրակրթական դպրոցների մեջ ուսուցանել Իսլամի պատմություն ու դրա դեմ հիմնականին առաջադեմ մահմեդականությունն է ընդվզում, հիշեցնելով թե Ֆրանսայի մեջ դպրոցն ու կրթությունը 1905 թվականից Ժյուլ Ֆերիի օրենքի համաձայն աշխարհիկ է, պարտադիր եւ անվճար: Ի դեպ, նույն սոցիալիստ Հոլանդի կառավարությունը ոչ միայն առաջարկում է խախտելով կրթության մասին հանրապետության հիմնական օրենքը ուսումնական դասաժամերը կրճատելու հաշվին ավելացնելով արտադասարանական ինչ որ զբաղմունքներ այն դարձնել վճարովի: Այսինքն ոչ թե առաջարկել, այլ արդեն իրականացրել է հանրակրթական դպրոցի վճարովի լինելու նախագիծը...
Ես ավելի չեմ մանրամասնի այս խնդիրը որովհետեւ գրավոր շատ երկար որ ձանձրալի կդառնա, բայց ամփոփելով ուզում եմ պարզապես նորից ու նորից կրկնել, թե Եվրոպայի համար չարքիը ոչ թե մահմեդական փախստական գաղթականներն են, այլ սոցիալիստ իշխանությունները որ իրենց հերթին ծնելով ծայրահեղ աջակողմյաներին հավանաբար իսկապես սթափեցնեն այս մայրցամաքի քաղաքակրթության համար մտահոգ հասարակություններին: Բայց սա եւս , շփման որեւէ եզր չունի ռուսաստանի կամ Հայաստանի «հավատացյալների» հետ, բայց սրա մասին ե՛ւս կխոսեմ հաջորդ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել