Կոռուպցիայի տարածվածությամբ աչքի ընկած երկրների առաջին տասնյակի վերին հորիզոնականներում իր մշտական տեղը գրաված Ադրբեջանի նախագահը անզիջում պայքար է սկսել…նույն կոռուպցիայի և, ինչպես գրում է կայքերից մեկը, «չինովնիկական ամենաթողության» դեմ: Ադրբեջանական պետականության չարակամներն այժմ էլ նոր ասեկոսե են տարածում ԱՍԱՆ ծառայության աշխատանքի , իբր, թերությունների մասին:

Մինչդեռ մենք գիտենք, գրում է կայքի խմբագրությունը, որ ԱՍԱՆ- ը նախագահի զավակն է, ստեղծվել է նրա նախաձեռնությամբ, ջրի երեսին է մնում և դիմագրավում կոռուպցիան հենց նրա աջակցությամբ: Հիմնական նպատակը, որը դրել է նախագահ Ալիևը՝ ստեղծելով այս ծառայությունը, սկզբնական շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի դրա հնարավորությունը ցուցադրելն է, իսկ հետագայում ԱՍԱՆ- ի օգնությամբ այն լիովին արմատախիլ անելը: «Կոռուպցիայի դեմ պայքարի այսրոպեական հաջողությունը վեր գտնվեց նույնիսկ այնպիսի հեղափոխական շոգեմեքենաների ուժից, ինչպիսիք են Սաակաշվիլին, Յուշչենկոն և Պորոշենկոն»:

Ի տարբերություն նշված գործիչների, Ադրբեջանի նախագահն ընտրել է պետության բարեփոխման էվոլուցիոն ուղին: Եվ արդյունքը, ըստ Ալիևին փառաբանող լրատվամիջոցների, տեսանելի է անզեն աչքով: Առանձին գերատեսչություններ մեկը մյուսի հետևից կորցնում են միլիոնանոց եկամուտ բերող յուղալի կտորները, այսինքն՝ ԱՍԱՆ ծառայությանն են փոխանցվում այն հիմնարկների գործառույթները, որոնց միայն անունը սարսափ է տարածում բնակչության մեջ: Պարզվում է՝ երկրի նախագահի զավակն հանդիսացող այս ծառայությանն է փոխանցվել անձնագիր, վարորդական իրավունքի վկայական, բնակարանի գնման փաստաթուղթ և տասնյակ այլ տեղեկանքներ շահառուներին հանձնելու իրավունքը: Երկրի լրագրող- սազանդարները միմյանց են ձայնակցում՝ փառաբանելու Իլհամ Ալիևի նոր նախագիծը, որը միլիոնավոր քաղաքացիների ազատել է միլիոնավոր արհեստական բյուրոկրատական խոչընդոտներից, որոնց նպատակը մեկն է՝ կասեցնել չինովնիկների ոհմակը, որը ժողովրդից միլիոններ էր գռփում:

Մեջբերումները մի պահ ընդհատենք և հիշեցնենք, որ այս ամենը ադրբեջանական կայքը վերագրում է մի պետության, որը Եվրոպայում և այլուր հայտնի է պետական մակարդակով կոռուպցիա տարածելու իր գործելաոճով: Գոնե «Խավիարային դիվանագիտությունը» ալիևյան Ադրբեջանի իսկական բրենդն է դարձել:

Եվ այս երկրի նախագահն, իբր, կոռուպցիայի վերջը տալու իր վճռականությամբ հարուցել է բուն կաշառակերների և կոռուպցիոներների դժգոհությունը. սրանք, իբր, ուզում են ի չիք դարձնել նախագահի զավակի՝ ԱՍԱՆ ծառայության արդեն իսկ արձանագրած հաջողությունները:
«Սակայն տվյալ դեպքում խոփը քարին է առել,- ցնծությամբ զեկուցում է կայքի խմբագրությունը,- հույժ մաքուր է ԱՍԱՆ ծառայությունը, որպեսզի հնարավոր լինի այն ինչ- որ կերպ սևացնել»:

Սրանով հեքիաթն ավարտվում է: Մնում է, որ երկնքից երեք խնձոր ընկնի. մեկը՝ Ադրբեջանի հանրությանը, մյուսը՝ նրա աչքերին թոզ փչող Իլհամ Ալիևին, երրորդը՝ նրա սազանդար լրատվամիջոցներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել