Ինչպես միշտ, ուզում եմ գրառում անել, բայց չեմ իմանում` ինչպես սկսել։ Մտքերը պտտվում են գլխումս, իսկ ես նստել ու նայում եմ անբիծ էջին։ Բայց էսպես շարունակվել չի կարող։ Անկախ նրանից` ծավալուն կլինի գրառումս, թե երկու տող, բայց միանգամից ասելու եմ այն, ինչ կրծոտում է ուղեղս։

  Ես կենդանիներին ավելի շատ եմ սիրում ու հարգում, նրանց ապրելակերպն ավելի եմ հասկանում, քան մարդունը։ Կենդանիները զուտ բնազդաբար պայքարում են իրենց կյանքի համար (չնայած կարծում եմ, որ նրանք էլ մարդու պես մտածում են ու հաղորդակցվում` իրենց լեզվով։ Ինչ ուզում են, թող պնդեն գիտնականները)։ Իսկ մարդը… մարդը անկեղծ արարած չէ։ Ինչքան էլ անկեղծ լինես, միևնույն է, ողջ կյանքում 100% անկեղծ լինել չես կարող։ Ու խոսքը սուտ հաճոյախոսությունների անկեղծության մասին չէ։ Ուղղակի մարդ էակն այնքան է սիրում ամեն ինչ բարդացնել, ամեն ինչ ծանրացնել, դնել իր ուսերին ու քարշ գալ, բեռի ծանրությունից ծեփվել հատակին ու առաջ չգնալ։ Մինչդեռ այդքան բեռ կուտակելու փոխարեն կարելի է վայրկենապես ազատվել դրանցից։ Օրինակ` կարոտել ես մեկի, բայց քո անձը վեհ է, դու հպարտ ես, դու կմնաս մենակ, կտանջվես ցավից, բայց չես զանգահարի ու ձայնը լսես, կամ հարցնես` ինչպես է։ Իսկ ամենամեծ բարդությունը ստեղծվում է, երբ մարդիկ սկսում են թաքցնել զգացմունքները. Վախենում են դիմել ռիսկի։ Բայց վստահ եմ՝ շատերդ եք լսել հետևյալ արտահայտությունները.
  • Ով խուսափում է ռիսկի դիմելուց, ավելի շատ է ռիսկի դիմում։
  • Սխալ չի գործում միայն նա, ով ոչինչ չի անում։
  • Իմ մտքերն այնքան բարձրաձայն էին, որ ես չէի կարողանում լսել խոսքերս։
  • Եթե երբեմն մենք վատ արարքներ ենք գործում, չի նշանակում` մենք վատ մարդիկ ենք։
  • Մի վախեցիր ձախողումից։ Վախեցիր չփորձելուց։
  • Երազանքները չեն իրակականում, մինչև չես գործում։
  • Նա, ով փորձում է, հնարավորություն ունի հաղթելու։ Իսկ նա, ով չի փորձում, միանգամից է պարտվում։

Երբ վախենում եք ինչ-որ բանից, խնդրում եմ, այս թևավոր խոսքերը հիշեք, ամեն պահի կրկնեք ձեզ, որ եթե չփորձեք, ավելի շատ բան կկորցնենք, քան երբ փորձեք։ Երբ ինչ-որ միտք կրծոտում է ձեզ, հանգիստը կորցնում եք դրա պատճառով, ուրեմն պարզապես մի կողմ նետեք ամեն տարակուսանք ու հպարտություն։ Արտահայտեք ձեր միտքը, զգացմունքները, գաղափարները։ Գործեք, արտահայտեք, մի՛ վախեցեք երբեք կամ թեկուզ վախենալով, բայց արեք դա։ Այլապես կգա մի օր, դուք կզղջաք, որ չեք արել կամ ասել, բայց արդեն շատ ուշ կլինի։ Օրերն անցնում են, իսկ մենք չենք կարող ասել, թե հաջորդ րոպեին ինչ կլինի։ Գուցե և մենք... կամ ավելի վատ` մեր սիրելիներն էլ չլինեն… իսկ մենք այնքա՜ն բան ունենանք նրանց ասելու։

  Մի ամաչեք ձեր զգացմունքներն արտահայտելուց, ներողություն խնդրելուց, ներսում կուտակվածն ասելուց։ Ամաչեք այդ խոսքերն այդպես էլ չասված թողնելուց։ Չասված խոսքերը թերևս ամենածանր բեռն են, որ մարդ երբևէ կրում է, հատկապես երբ էլ հնարավորություն չկա ասելու ու երբեք էլ չի լինի։ Արեք դա, քանի ուշ չէ։ Դիմեք ռիսկի, քանի անգործությունն ու կասկածը ձեզ պարտության չեն մատնել։ Պարզապես ասեք։ Եթե միանգամից խոսքերը չընդունվեն, ուրեմն ասելուց հետո ուղղակի հեռացեք։ Բայց ժամանակի հետ դրանք անպայման կընդունվեն, դուք էլ կստանաք պատասխանը։ Ամենն ավելի մի բարդացրեք, տեղից էլ խնդիրները քիչ չեն։ Ծանրացնելն անիմաստ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել