Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու որմնանկարների փունջըArmeniatv.am-ը գրում է.

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնումը գրեթե ավարտվում է` եւս 2 ամիս եւ եկեղեցին կբացի դռները: Այն միանգամայն նոր տեսք ունի կամ ավելի ճիշտ` այնպիսին է, ինչպես կառուցվել էր 13-րդ դարում: Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին՝ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական դոնորների մասնակցությամբ: Հետաքրքիր է, որ հայկական եկեղեցին վերականգնելուն մասնակցել են նաև վրացի բարերարները՝ կարեւորելով եկեղեցու պատմական արժեքը:

Բարձունքից իջնող սելավաջրերն ու կոյուղին խառնվելով իրար իջնում էր եկեղեցու տակ: Դրանք քայքայում էին եկեղեցու հիմքը, ներծծվելով պատերի մեջ՝ բարձրանում էին մինչեւ 4 մետր: Պատերի վրա հսկայական ճեղքեր էին գոյացել: Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեյի պնդմամբ, եկեղեցին կփլուզվեր նույնիսկ 5-բալանոց երկրաշարժի դեպքում: Պետք է ռեստավրացիա արվեին 120 քառ. մետր մակերեսով որմնանկարները, բայց Իտալիայում վերապատրաստված հայկական խումբը որմնանկարների մի ամբողջ գանձարան հայտնաբերեց: Վերականգնման ընթացքում ներկի տակից դուրս եկան Հովնաթանյանների ու Բաշինջաղյանի որմնանկարները, որոնք ժամանակին չէին կարողացել վերականգնել և ուղղակի ներկել էին: Որոշում կայացվեց բոլոր նկարները վերականգնել ու ստացվեց Հովնաթանյանների ու Բաշինջաղյանի որմնանկարների փունջ: Դեռեւս անցած տարի որմնանկարների վերականգնման խմբի ղեկավարը պատմում էր, որ 7-8 որմնանկարների շերտ են հայտնաբերել:Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը ծրագրի առաջին փուլն է: ԱյԴԻԱ հիմնադրամը մտադիր է գնել հարակից կառույցները, որոնք մինչեւ 20-րդ դարի սկիզբը պատկանել են եկեղեցուն ու ստեղծել մշակութային համալիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել