ՀԱՐՑ

Արդյոք մինչ ՔԿԱԳ մարմնում ամուսնության գրանցումը ձեռք բերված գույքը կարո՞ղ է համարվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք։

Բարև Ձեզ, ես և կինս եկեղեցով ամուսնացել և հարսանիք ենք արել 2010թ․-ին, իսկ զագսով գրանցել ենք ամուսնությունը միայն 2013թ․-ին։ Մինչ ամուսնության գրանցումը համատեղ ապրել ենք 3 տարի: 2012թ․-ի ամռանը ձեռք եմ բերել ավտոմեքենա։ Այժմ, երբ ցանկանում եմ ամուսնալուծվել, կինս պահանջում է, որպեսզի բաժանենք նաև այդ ավտոմեքենան՝ պատճառաբանելով, որ այն համատեղ կյանքի ընթացքում ենք ձեռք բերել։ Արդյոք այն կարո՞ղ է համարվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք։ Կանխավ շնորհակալ եմ։

 

ՊԱՏԱՍԽԱՆ

Զույգերը համարվում են ամուսնացած միայն ՔԿԱԳ մարմիններում (զագսում) նրանց ամուսնությունը գրանցելու պահից` անկախ այն հանգամանքից, թե երբ են կատարել իրենց հարսանեկան արարողությունունը և մինչև ամուսնության գրանցումը որքան ժամանակ են համատեղ կյանք վարել։

Այսպես, ամուսնությունը կնքվում է ՔԿԱԳ մարմիններում (զագսում)՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ամուսնության պետական գրանցման պահից։

Հետևաբար, մինչ ամուսնության գրանցումը ձեռք բերված ցանկացած գույք, այդ թվում նաև Ձեր կողմից գնված ավտոմեքենան, հանդիսանում է Ձեր սեփականությունը և չի կարող համարվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք՝ անկախ այն հանգամանքից, թե Ձեր միջև երբ են կատարվել ամուսնական արարողությունները, և երբվանից եք սկսել միմյանց հետ համատեղ կյանք վարել։

Հարկ է նշել նաև, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը ևս չի համարվում համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք և հանդիսանում է ժառանգություն կամ նվեր ստացած ամուսնու սեփականությունը, իսկ ամուսնալուծության ժամանակ էլ ենթակա չէ բաժանման:

Հարցին պատասխանեց Կարեն Աղաջանյանը (արտոնագիր 11)

Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին գրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել