Քաղաքական դաշտում իրադարձությունները գնալով սկսում են թեժանալ: Այսպես ասած «իշխանական ճամբարի» ներկայացուցիչները` հիմնականում նրանք, ովքեր քաղաքական զանազան ճամբարներ ներկայացնելու մեծ փորձ ունեն, սկսել են հայտարարություններով և խորհուրդներով հանդես գալ: Նրանց ցուցակում է նաև Խոսրով Հարությունյանը, որը, ինչպես ծանոթացա լրահոսից, «խորհուրդ» էր տվել ԲՀԿ-ին ձեռնպահ մնալ 2013թ. նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելուց և «կայանալ»: Այս հայտարարությունները միանգամից մի քանի հարցեր են առաջացնում...
1. Եթե դա ՀՀԿ-ի կարծիքն է, ինչո՞ւ Խ. Հարությունյանի միջոցով:
2. Ո՞վ է որոշում այս կամ այն քաղաքական ուժի կայացած կամ չկայացած լինելը, եթե ոչ միայն ժողովուրդը:
3. Եթե իրականում ԲՀԿ-ն կայացած չէ, ինչո՞ւ է Խ. Հարությունյանը՝ որպես «իշխանական թևի» ներկայացուցիչ, այդքան մտահոգված այդ փաստով:
4. Եվ վերջապես, եթե ՀՀ-ն իրոք ժողովրդական սկզբունքներով առաջնորդվող պետություն է, իշխանության նպատակն էլ դրա համար պայմաններ ստեղծելն է, մի՞թե ավելի ընդունելի չէ այն, որ թեկնածուները շատ լինեն, ժողովուրդն էլ կարողանա իր վստահության քվեն տա լավագույնին:
Հ.Գ. Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ իշխանական թևը միակ և գլխավոր մրցակից է համարում ԲՀԿ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել