Tert.am-ը գրում է.

Իրավիճակն առաջնագծում ամբողջությամբ վերահսկվում է և առաջապահ ստորաբաժանումները համարժեք պատասխաններով կարողանում են կասեցնել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Այսօր «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում լրագրողների հետ զրույցում  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

«Սահմանին իրավիճակը իսկապես լարված է, բայց ոչ թե այսօր կամ զորավարժությունների նախաշեմին, այլ արդեն երկու տարիներին լարվածությունը անընդհատ բարձրանում է։ Իսկ որ լարվածությունը բարձրացավ զորավարժությունների նախաշեմին՝ բացարձակ զուգադիպություն էր, որևէ կապ չունի, դրանք պլանավորված էին  2014թ-ի նոյեմբերին»,- ասաց նա։

Գեներալը անդրադարձավ նաև վերջին օրերին ադրբեջանական կողմի` խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակելու փաստին և պատասխանեց հարցին, թե արդյոք հնարավոր է, որ կրկնվեն նախորդ տարվա օգոստոսյան դեպքերը։

«Որևէ բան չի բացառվում, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ օգոստոսի նման իրավիճակ չլինի։ Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա  եթե 23 տարի հետ գնանք ու վերհիշենք անցած պատերազմը, կտեսնենք, որ հակառակորդի մոտ սովորական բան է դա և զարմանք չպետք է պատճառի։ Երբ հակառակորդը չի կարողանում առաջին գծում զինվորներին համարժեք պատասխան տալ, իր զայրույթը կամ մուռը հանի զինվորներից, սկսում է իր զենքը կիրառել անպաշտպան բնակչության հանդեպ»,- ասաց նա։

Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ առաջին գծում զինվորականների համար հաղթելն ու պարտվելը պատվի հարց է, իսկ հայկական կողմը խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակելու բազմաթիվ հնարավորություններ ունի։

«Հատկապես Արցախի Հանրապետությունում դրա հնարավորությունը մեծ է՝ կրակել բնակիչների վրա, բայց դա ինքնանպատակ չէ մեզ համար, և Զինված ուժերը դրա համար չեն ստեղծված, այլ խաղաղ բնակչությանը պատսպարելու համար»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել