Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական գյուղերում խուճապ է, մարդիկ դուրս են գալիս գյուղից և զինվորականները ստիպված արգելապատնեշներ են ստեղծում, որ լարվածությունը մեղմվի, իսկ տավուշցին քաշում է իր մեղրը, փակում իր կոմպոտը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պետք է հատուկ նշեմ, որ մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը իրեն կեղծ, սրբի տեղ դրած փորձում էր լուր տարածել և խոսել միջազգային մարդասիրական իրավունքի մասին, այն ժամանակ, երբ իրենց զինվորականների հետ սադրում էին իրավիճակը։ Հայտարարեցին, թե իբր, զինվորական ավաններում հարսանիք էին արել ու, իբր, հայտնվել էին մեր կրակային գոտում։ Դա փորձեցին օգտագործել մեր բնակավայրերի վրա կրակելու համար»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայկական Զինված ուժերը չէին կարող անպատասխան թողնել։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու, մենք միշտ չենք ցանկացել, որ լարումներ առաջանան, մենք չենք փորձի սադրել որևէ բան։ Այս պահին հանգիստ է սահմանի վիճակը, լարումները հիմնականում լինում են ուշ երեկոյան»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել