Դեռևս օգոստոսին տարածված պաշտոնական լրատվության համաձայն՝ սեպտեմբերի 3-6-ին Հայաստանն անցկացնելու է «Շանթ-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Չնայած միջոցառումը պլանային է և պայմանավորված չէ տարածաշրջանային վերջին զարգացումներով, այսուհանդերձ դատելով տեղեկատվության այն հատվածից, ըստ որի՝ զորավարժությունները գլխավորելու է ՀՀ նախագահը, դրանք փաստացիորեն ստանում են աննախադեպ բարձր կարգավիճակ՝ ոչ միայն մեր երկրի և բանակի ռազմական ներուժի հերթական ստուգատեսի, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՀ ռազմաքաղաքական գերակայությունն ի ցույց դնելու իմաստով:

Ուշագրավ է, որ այսօր առավոտյան ԻԻՀ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ընդհանուր հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-3-ին Թեհրանում անցկացվելու է «Աստծո վրեժ» զորավարժությունը, որին մասնակցելու են անմիջապես «ԻՀՊՀ» և երկրի գերագույն հոգևոր առաջնորդի ենթակայության տակ գտնվող իրանական ռազմականացված կամավորական միավորումների՝ «Բասիջի» 250 գումարտակ, 50 հազար ընդհանուր զորակազմով: Ըստ իրանական աղբյուրների տարածած տեղեկատվության՝ զորավարժությունների հիմնական նպատակն է լինելու ցուցադրելու իրանական կողմի պատրաստությունը՝ դիմակայելու երկրի անվտանգությանը սպառնացող այն արտաքին վտանգներին, որոնք չեն վերացել Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունից հետո:

Փաստացիորեն ստացվում է, որ մեր տարածաշրջանում այս ամսվա ընթացքում միմյանցից անկախ ռազմաքաղաքական ներուժի ստուգման և ցուցադրման միջոցառումներ են անցկացնելու միայն հարևան և բարեկամ երկու երկրները, մինչդեռ Թուրքիան մատնված է փաստացի ներքաղաքական ճգնաժամի՝ միևնույն ժամանակ ներքաշված լինելով քուրդ պարտիզանների հետ արյունալի բախումների ուղեծիր, իսկ Ադրբեջանը հիմնականում զբաղված է երկրի ներսում լրագրողների դատավարություններով և ազատ խոսքի վերջին բեկորների ոչնչացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել