Համաշխարհային տնտեսությունը և շուկայական հարաբերությունները վերջին տարիներին ունեցել են նկատելի անկման տենդենց: Միայն այն հանգամանքը, որ բավականին զարգացած պետություններ (տնտեսական ցուցանիշները նվազել են Չինաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ոչ բարենպաստ է իրավիճակը Իսպանիայում, Պորտուգալիայում, անհամամատ բացասական՝ Հունաստանում) տնտեսությունում ունեն նվազման միտում, իսկ համաշխարհային շուկայում եղանակ ստեղծող բրենդային ընկերություններն աշխատում են, մեղմ ասած, «համեստ» շրջանառությամբ, կարելի է ասել, որ գլոբալ առումով համաշխարհային տնտեսությունում առկա են լուրջ խնդիրներ և ֆինանսատնտեսական բարդ իրավիճակ: Այս ամենի հետ կապված՝ նվազման միտումներ են առկա նաև ընդանուր ապրանքաշրջանառության, դրամային փոխանցումների և ընդհանուր շուկայական հարաբերություններում:
Այս ընդհանուր կոնտեքստից տրամաբանական է, որ «տնտեսական ճգնաժամ» ասվածն առկա է նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ հայաստանյան շուկայում:

Տնտեսական ցնցումները յուրաքանչյուր պետության տնտեսության վրա իրենց ազդեցությունն են ունենում յուրովի` կախված տնտեսության էլաստիկությունից: ՀՀ-ում ստեղծված տնտեսական իրադրության պատճառների մասին բազմիցս է խոսվել: Հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ դեռևս նախորդ տարվանից Արևմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառվող տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներն ուղղակի ազդեցություն են ունենում ռուսական ազդեցության գոտում, այդ թվում ՀՀ-ում: Այս առումով, ՀՀ-ում անկախությունից ի վեր թիվ մեկ ներդրողը ՌԴ-ն է: Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի առկայությունն այդ երկրում՝ ենթադրվում էր, որ ներդրումները պետք է կտրուկ նվազեին:
ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերի համաձայն՝ առաջին եռամսյակում մեր հանրապետությունն ունեցել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում առկա է շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում, ըստ էության, կարևորվում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը:

Ամփոփելով նշենք, որ նշված ցուցանիշները բավականին լուրջ տենդենց են, քանի որ, որպես կանոն, տնտեսությունում նման ցուցանիշները համարվում են ձեռքբերում` հաշվի առնելով ստեղծված ֆինանսատնտեսական իրադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել