Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում մեկնարկելիք սահմանադրական բարեփոխումների նախագծի լսումներին հրավիրվել են նաև արտախորհրդարանական ուժեր և հասարակական կազմակերպություններ:

Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով վարելու է լսումները:

«Հանրային լսումները բաց են, այսինքն` ոչ միայն կարող են մասնակցել ԱԺ պատգամավորները, խմբակցությունները, այլ նաև այն  կազմակերպությունները` հասարակական, քաղաքական, որոնք ցանկություն ունեն իրենց տեսակետը հայտնելու կամ քննարկումներին մասնակցելու»,– ասաց նա:

«Հաշվի առնելով, որ ցանկացողները շատ են, լսումների համար նախատեսել ենք նիստերի մեծ դահլիճը և մինչև 150 մասնակից կարող են ներկա գտնվել և ներկայացնել իրենց տեսակետները»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:

Հանրային լսումներում նախատեսված է ՀՀ Նախագահի պաշտոնական  ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի զեկույցը, զեկուցողին հարցեր տալու համար տրամադրվում է 3 րոպե, մտքերի փոխանակման համար նախատեսված են ելույթներ մինչև 5 րոպե  ժամանակով:

Հարցերին կարող են նաև պատասխանել զեկուցողի հրավիրած՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել