Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար այս տարին կարելի է համարել լիովին ձախողված: Մեր ընտրանին, ունենալով բավականին ուժեղ խաղացողներ այս մրցափուլում, միայն հիասթափություն պարգևեց երկրպագուներին: Մեր ընտրանու խաղը խաղից խաղ անկում էր ապրում, և հիմնական պատճառներից մեկն էլ գլխավոր մարզչի սխալ ընտրությունն էր, խոսքս վերաբերում է ֆուտբոլից բավականին հեռու Շալանդին, ով հիմնովին քարուքանդ արեց մեր ընտրանու խաղը: Շալանդի հեռանալուց հետո մեր ընտրանու ղեկը վստահվեց Սարգիս Հովսեփյանին, այո՛, Սարգիսը՝ որպես մարդ և որպես ֆուտբոլիստ, իսկապես որ շատ լավն է, ես ինքս խոնարհվում եմ նրա մարդ տեսակի և ֆուտբոլում մատուցած ծառայությունների համար, բայց կարծում եմ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեզ անհրաժեշտ է արտասահմանցի թոփ տասնյակի մարզիչ, և այդ մասին պետք է մտածել հենց այս օրվանից: Մեզ համար շատ կարևոր է ունենալ այնպիսի մարզիչ, ով կլինի ինքնուրույն և կոնկրետ կվերցնի մեր ընտրանուն մարզելու պարտականությունները: Եթե Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է, որ մեր ընտրանին հանդես գա Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում, ապա պետք է փոխի իր մոտեցումը և երկրպագուների խնդրանքների հետ հաշվի նստի: Մեզ համար վիճակահանությունը բավականին բարենպաստ է, և հենց սա ամենապատեհ պահն է, որ մենք պարտավոր ենք օգտագործել: Մենք, եթե ցանկանում ենք խաղալ Ռուսաստանի մարզադաշտերում, ապա պարտավոր ենք արմատական փոփոխությունների գնալ, առաջնայինը պետք է ունենանք արտասահմանցի որակյալ գլխավոր մարզիչ և, իհարկե, արտասահմանում հանդես եկող հմուտ և բարձրակարգ դարպասապահ, իսկ հաջողության դեպքում մեր ընտրանին Ռուսաստանում կունենա ավելի մեծ աջակցություն, քան տնային խաղերում: Պարո՛ն Հայրապետյան, եթե ոչ հիմա, ապա երբեք, մեր ոսկյա սերնդի ամենալավ, ամենաեռանդուն շրջանն է, օգտագործեք մեզ ընձեռնված հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել