Tert.am-ը գրում է.

Շուտով սեպտեմբերի 1-ն է և բոլոր երեխաները պետք է հաճախեն դպրոց, մինչ այդ անհրաժեշտություն կա, որպեսզի ծնողները ուշադրություն դարձնեն իրենց երեխաների առողջությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ ծնողներն իրենց երեխաներին դպրոց ուղարկելիս պետք է սովորեցնեն տարրական հիգիենայի կանոնները:

«Երեխայի, այնուհետև դեռահասի առողջությունը կապված է մի շարք գործոններից: Երբ երեխան գնում է դպրոց, ծնողը պետք է վստահ լինի, որ ուղարկում է առողջ վիճակում: Ծնողը հիմա պետք է հետամուտ լինի, որ երեխան առողջ հաճախի դպրոց, որովհետև հետո լ ֆիզիկական ծանրաբեռնվածության, վատ սնման պատճառով կարող է զարգանալ առկա հիվանդությունը»,-ասաց նա:

Մասնագետը հորդորեց ծնողներին երեխաների պայուսակում միշտ դնել անձեռոցիկներ ու բացատրել, թե ինչքան կարևոր է ուտելուց առաջ և հետո ձեռքերը լվանալը:

«Երեխան պետք է իմանա, որ պարտադիր զուգարանից հետո, խաղից հետո, պետք է պարտադիր լվացվել, որովհետև տարբեր բակտերիաներ կարող են ներթափանցել օրգանիզմ: Նաև երեխաներին պետք է բացատրել, որ չի կարելի տարբեր առարկաներ դնել բերանը, հատկապես գրչի ծայրը, որը լի է մանրէներով: Նաև ձեռքերը պետք է լվանալ օճառով, հոսող ջրի տակ»,-ասաց նա:

Լիլիթ Ավետիսյանը նաև ծնողներին հորդորեց հատկապես դեռահասության տարիքի երեխաների դեպքում հետևել մաշկի հիգիենային: «Ծնողները այստեղ մեծ աշխատանք պետք է տանեն, քանի որ դեռահասների մոտ հորմոնային դաշտը ակիտվանում է և նրանց խնամքը ավելի մեծ պետք է լինի»,-ասաց նա:

Լիլիթ Ասատրյանն ընդգծեց, որ թեև բոլոր ծնողներն են ցանկանում, որ երեխան լավ սովորի, սակայն չպետք է պարտադրեն, որ անընդմեջ դաս անի, քանի որ պակաս կարևոր չէ ֆիզիկական զբաղվածությունը:

«Օրը պետք է բախշել այնպես, որ ժամանակ տրամադրի խաղալուն, ժամանցին ու ուսմանը:
Կարևոր է երեխաների մեջ սեր առաջացնել դեպի ֆիզիկական աշխատանքը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել