«Միջազգային եվրասիական» շարժման առաջնորդ, ազգային հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը վերջին շրջանում սկսել է աչքի ընկնել իր «յուրօրինակ փայլատակումներով»:

Լրատվական կայքերից մեկի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ–ի շուրջ ստեղծված ներկա ֆինանսատնտեսական բարդ իրավիճակին և ԵՏՄ գործունեությանը, Դուգինը նշել է, որ Ռուսաստանը փորձում է ստեղծել մի համակարգ, որը գլոբալ տնտեսական ճգնաժամի ֆոնին կփորձի պաշտպանել եվրասիական երկրների տնտեսական վիճակը: Քաղաքագետը հավելել է նաև, որ եթե Ռուսաստանը կարողանա այս վիճակից դուրս գալ, Հայաստանն էլ դուրս կգա, իսկ եթե Ռուսաստանի համար այսպիսի դժվար իրավիճակում Հայաստանը փորձի Արևմուտքից աջակցություն ստանալ, ուրեմն կպայթի, և Հայաստանից ոչինչ չի մնա: 
Ըստ քաղաքագետի՝ Արևմուտքին Հայաստանը պետք չէ:

Դուգինի «մտքի գոհարներից» հասկանալի է դառնում, որ վերջինս ծայրահեղությունների գիրկն է ընկել: Հարց է առաջանում. նա այս կարծիքն արտահայտելուց առաջ չի՞ մտածել դրա հնարավոր բացասական հետևանքների մասին:

Հետաքրքիր է նաև` Ռուսաստանը կամ նրա կովկասյան գործակալները մտածե՞լ են, թե ինչ կլինի, եթե Հայաստանը վերանայի իր դիրքորոշումը ՌԴ-ի նկատմամբ` Հարավային Կովկասի դռները փակելով ռուսների առաջ, որի արդյունքում երբեմնի գերտերությունը կվերածվի սովորական ռեգիոնալ լիդերի:

Յուրաքանչյուր երկիր, այդ թվում Ռուսաստանը, տարածաշրջանում իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է իր իսկ շահերից ելնելով, ուրիշ հարց է, որ այդ շահերը շատ հաճախ համընկնում են ՀՀ-ի շահերի հետ, դրա արդյունքում էլ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից: Ուստի այս հայատարարությունն անելով՝ Դուգինը ներկայացնում է իր սուբյեկտիվ կարծիքը, որն իրականության հետ որևէ կապ ունենալ չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել