Картинки по запросу հայ չինականԿառավարությունն իր առաջիկա նիստում մտադիր է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի նախագիծը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ տարածքում և ՀՀ տարածքում համապատասխանաբար հիմնել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ: Հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու, ապրանքի, ծառայության, տեխնոլոգիայի և կապիտալի ներմուծման բարենպաստ պայմաններ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահի՝ ս.թ. մարտի 24-28-ը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում:

Այս համատեքստում առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել երկու երկրների տնտեսական շահերը առևտրական և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը:

Առևտրական ներկայացուցչությունների հիմնումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ տեղեկություն ստանալ Չինաստանի տնտեսական վիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նույնաբնույթ տեղեկություն հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին:

Հարցը կառավարության նիստի օրակարգ է մտցրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել