Երեկ «Ոտքի, Հայաստանը» հանրահավաք էր հրավիրել: Նախ՝ Անդրիասն իր հաշվարկներում սխալվեց: Նա այն կերպարը չէ, որ ոստիկանի հետ բախում ունենա, կամ բերման ենթարկեն ու ժողովուրդն էլ իր ետևից գնա: Մեկ ամիս հացադուլ նստելուց և չնչին տոկոսներ հավաքելուց հետո նա այդ ամենը պետք է գիտակցեր ու «Ա լա մայդան» անվադողերով չքայլեր Հրապարակ:

Այդ հավաքը, սակայն, մեկ այլ միջադեպով աչքի ընկավ: Ոստիկանն ապտակեց տարեց մարդուն, մինչ այդ էլ ապտակում էր գետնին նստած երիտասարդին: Ճիշտ է, ես չհասկացա՝ ինչու էին 4-5 հոգով գետնին նստել այն ժամանակ, երբ նախաձեռնող խումբը ելույթ էր ունենում, բայց, ինչևէ, համարենք դա անհնազանդության դրսևորում ու ասենք, որ նրանք իրենց քաղաքացիական իրավունքից էին օգտվում:

Հիմա բուն ապտակի մասին՝ տարատեսակ մեկնաբանություններ են հնչեցվում: Մեկնաբանությունները մի կողմ դնելով՝ պետք է մեկ բան ընդունենք, ոստիկանի արարքը դատապարտելի է, նա եթե համակարգից չհեռացվի էլ, երկարատև հանգստի պետք է մեկնի, դա հաստատ: Ըստ երևույթին, այդ օրը ոստիկանը մոռացել էր նյարդերը հանգստացնող ինչ-որ բան խմել: Այդ լոգիկայով Օսիպյանը պետք է օրը մի քանի հոգու չափալախի: Սա Հայաստանի համար սովորական է, երբ պաշտոնով բարձր մարդն իրեն ավելի ադեկվատ է պահում, քան մի քանի աստղիկ ունեցող ոստիկանը, ով մտածում է՝ հարևան երկրի ծովն իր ծնկներից է:

Մյուս կողմից, ակտիվիստ չի նշանակում ոստիկանին դեմ առ դեմ կանգնող ու հայհոյող կամ գլխարկի մեջ թքող, դա էլ է դատապարտելի: Ակտիվիստ ու ոստիկան պետք է իրար հարգեն, ու նույնիսկ ծայրաստիճան լարված իրավիճակում ամեն մեկը պետք է հասկանա, որ հաջորդ օրը փողոց է դուրս գալու:

Հ.Գ. Կխնդրեմ թեմայից դուրս ոչ մի մեկնաբանություն չանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել