«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները: Ճանապարհի երկարությունը 556 կմ է:

Ավտոճանապարհի կարևորությունը Հայաստանի համար չափազանց մեծ է: 
«Հյուսիս-հարավ» միջանցքը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների` Իրանի և Վրաստանի հետ, ինչպես նաև կապահովի ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: 
Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը երկրի հարավը կապում է հյուսիսի հետ` ապահովելով մուտք Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցք», որը հնարավորություն է տալիս հասնել Փոթի և Բաթումի նավահանգիստներ կամ դեպի արևելք` Թբիլիսի:

Ակնհայտ է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև նրա հարևան երկրների համար: Բացի դա, ճանապարհի շինաշխատանքներին մասնակցելու համար հայտեր են ներկայացնում ոչ միայն վերոնշյալ պետություններից, այլ մի շարք եվրոպական երկրներից և Չինաստանից:
Որպես օրինակ՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի, Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից:

Ճանապարհի 27 կմ երկարությամբ այս հատվածը կառուցվելու է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն իրականացնելու համար հայտ են ներկայացրել շուրջ 13 խոշոր ընկերություններ: 
Ճանապարհի աշխատանքների մանրամասներին ծանոթանալու համար շինհրապարակ էին այցելել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավը» ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Վերջինս նշել է. «Շատ ուրախ ենք, որ 13-ից ավելի կազմակերպություններ հետաքրքրված են ծրագրով, դա մեծ ցուցանիշ է: Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարության հետ մենք ունենք երկխոսության ծրագրեր, ինչի արդյունքում կառավարությունը մատնանշում է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք անհրաժեշտ ներդրում և օժանդակություն ցուցաբերել»:

Հատկանշական են վերջին շրջանում չինական կողմի հետաքրքրությունները Հայաստանում ներդրումներ կատարելու մասով: Չինաստանի հետ այժմ բանակացություններ են տարվում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը մասնակցություն ունենալու հարցի շուրջ: 
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի աշխատանքներին մասնակցող կազմակերպությունների շարքում էր նաև չինական «Ցնուդ Էյշա Լիմիթիդ» կազմակերպությունը: Ընկերության ներկայացուցիչ Դենիս Չիի խոսքով՝ հետագայում ևս Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու մեծ հնարավորություններ կան. «Նման ծրագիր ընկերությունն իրականացնում է նաև Իրանում, և կարող ենք նույն աշխատանքն այստեղ էլ կատարել»:

Թե Իրան-Հայաստան և թե «Հյուսիս-հարավ» ծրագրերը ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար, և ծրագրերի բարեհաջող ավարտը շահեկան է բոլոր կողմերին:
Հուսանք, որ միջազգային հետաքրքրություն առաջացնող նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել