«Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագիծը  այդպես էլ չի հայտնվում ԱԺ-ում, թեև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ներկայացուցիչները միշտ բարձրաձայնում են այդ օրենքի անհապաղ ընդունման անհրաժեշտությունը, և գրեթե միշտ լինում են հավաստիացումներ, թե շուտով նախագիծը կներկայացվի խորհրդարան:

ԱԺ «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նման մի հավաստիացում է տվել դեռևս 2011-ի սեպտեմբերին: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ համապատասխան հանձնարարություն է տվել 2011-ի դեկտեմբերին: «Նախագահը հանձնարարել էր արագացնել այս օրենքի ընդունումը, բայց թեև նախագիծը երկար տարիներ է, ինչ մշակված է ու ներկայացված կառավարություն, ցավոք սրտի, մինչև այժմ ընդունված չէ և շատ հետաքրքիր է, թե ինչու»,- տարակուսում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը:

Եվ իսկապես, շատ հետաքրքիր է այդ «ինչու»-ն: Չէ՞ որ այդ օրենքի ընդունումը շատ կարևոր է գիտության համար ծախսվող միջոցների հասցեականության, նպատակայնության ու արդյունավետության տեսակետից: Չէ՞ որ դրա ընդունումը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում: Այո, օրենքի կիրառումը բյուջեի վրա կարող է նստել, վատագույն դեպքում, տարեկան 15-20 մլն դրամ` կապված գիտական նախագծերի փորձաքննությունը արտասահմանում անցկացնելու գործընթացների հետ (այժմ նման հնարավորություն չկա): Բայց այդ գումարը բյուջեից գիտության ֆինանսավորման չափերի` օրենքով պարտադրված տարեկան աննշան աճերի՝ մոտ 1 մլրդ դրամի մեջ անգամ չնչին տոկոս է կազմում:

Ավելին, այս հարցը արդեն հասարակական հնչեղություն է ստացել, ինչը հնարավություն է տալիս իշխանության ներկայացուցիչներին ավելի «երկար լեզու» ունենալ` ասելով, թե տեսեք` թեև գիտության ֆինանսավորումը չենք ավելացնում, բայց գործ ենք անում, շատ կարևոր օրենք ենք ընդունում և այլն:

«Ինչո՞ւ»-ի պատասխանը մեկն է` կան մարդիկ և ուժեր, որոնք դեմ են այս օրենքի ընդունմանը: Նման մարդկանց մի մասը ԳԱԱ մի քանի տասնյակ ակադեմիկոսներն են, որոնք զանազան «փորձաքննություններ» են անում` իրենց` մեղմ ասած «ոչ այնքան օբյեկտիվ» մոտեցմամբ նեղ շրջանակում բաշխելով թեմատիկ ֆինանսավորման գումարները: Խնդիրը ավելի շատ ոչ թե այն է, որ այդ ակադեմիկոսները «վատն» են, այլ այն, որ մեր երկիրը փոքր է և գիտության ոլորտի մարդիկ միմյանց ճանաչում են: Ուստի անգամ ատկատների բացակայության պարագայում, նախագծեր գնահատելիս սուբյեկտիվությունը շրջանցելը պարզապես անհնար է:

Քանի որ օրենքի ընդունումից հետո փորձաքննությունը արտասահմանում անցկացնելու արգելքը կվերացվի, այս մարդիկ կզրկվեն իրենց «արտոնյալ» կարգավիճակից, ուստի՝  նրանց շահերից չի բխում օրենքի նախագծի ընդունումը:

Իհարկե, թեև չպետք է թերագնահատել մեր այդ ակադեմիկոսների ազդեցությունը իրենց վերաբերող որոշումների կայացման վրա (սովորաբար այդ մարդիկ կապված են իշխանության այս կամ այն ներկայցուցչի հետ, միմյանց շահերն են սպասարկում), բայց դժվար թե միայն նրանց ուժը բավարարեր` նախագծի դեմն առնելու համար: Բանն այն է, որ օրենքի ընդունմամբ փորձաքննություն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու  լայն հնարավորություններ են ձեռք բերում զանազան քաղաքացիական միավորումներն ու աշխատանքային խմբերը, այսինքն` նաև հասարակական կազմակերպությունները: Մեր պատկերացմամբ` հենց այս փաստն է առաջին հերթին մտահոգում իշխանություններին:

ՀԿ-ները կարող են անկախ փորձաքննության դաշտ մտցնել կառավարության ու զանազան ԾԻԳ-երի (Ծրագրի իրականացման գործակալություններ) այնպիսի ծախսեր, որոնք  ոչ ցանկալի են:  Օրինակ` հայտնի է, թե մեղմ ասած՝ ինչ աստիճանի անարդյունավետ ծախսվեցին Լինսի հիմնադրամի փողերը : Ակտիվ ՀԿ-ները օրենքի ընդունումից հետո նմանատիպ «փողոտ» ոլորտներում զանազան փորձաքննություններ անելու նախաձեռնություններով կարող են հանդես գալ: Ընդ որում` այստեղ  կառավարության համար  սարսափելին այստեղ այն է, որ այդ փորձաքննությունների գործընթացին կարող են ներգրավվել միջազգային կազմակերպություններ ու մասնագետներ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանից դուրս գիտական փորձաքննություն անցկացնելու արգելքը կվերացվի:

Գիտական փորձաքննությունը մասամբ Հայաստանից դուրս անցկացնելու հնարավորության ստեղծումը, այսպիոսով, լրջորեն կմեծացնի որոշ բարձրաստիճան կոռումպացված իշխանավորների` անօրինական ճանապարհներով փող աշխատելու ռիսկերը, քանի որ կմեծացնի նշանակալի ֆինանսավորմամբ զանազան ծրագրերի իրականացման նկատմամբ հասարակական վերահսկողությունը:  Հենց սա է պատճառը, որ ՀՀԿ վերնախավի ու կառավարության որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ անում են «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի ընդունումը բացառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել