Վաճառվեց նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ամեն ինչ վաճառելու և բյուջե լցնելու այս կառավարության մոլուցքը չգիտես՝ որքան հեռուն կգնա, բայց մեր երկրում, կարծեք, այլևս վաճառելու ոչինչ չի մնացել՝ բացի մարդուց: Այս գործարքում այնքան տարօրինակ ու խնդրահարույց չէ բուն վաճառքի փաստը, որքան այն, թե ում է վաճառվել Երևանի խորհրդանիշներից մեկը և ինչ նպատակով: Ըստ արդեն տարածված տեղեկատվության՝ Մարզահամերգային համալիրը վաճառվել է անհայտ ծագմամբ, 20 օր առաջ հիմնադրված «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին և, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման, ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: 
Փաստորեն Հայաստանում ևս մեկ կարևոր նշանակության օբյեկտ օտարվում է անհայտ ծագմամբ ընկերության (հիշենք, որ ՀԵՑ-երը ժամանակին նույնպես վաճառվեցին անհայտ ընկերության), ու բացառված չէ, որ մի օր պարզենք, որ այդ ընկերության ետևում կանգնած են մեզ լավ էլ հայտնի մարդիկ և պաշտոնյաներ: Եվ երկրորդ՝ ի՞նչ ասել է ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր... Արդյո՞ք սա նշանակում է, որ համալիրի անմիջական հարևանությամբ կարող են կառուցվել հյուրանոցներ և ժամանցի այլ օբյեկտներ՝ խաթարելով համալիրի ամբողջական ճարտարապետական տեսքը... Դատելով պայմանագրի բովանդակությունից՝ նման բան հնարավոր է... Այսքանից հետո պետք է պարզապես ասել՝ ԲՌԱՎՈ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԴՈՒ ՔՈ ՈՃԻ ՄԵՋ ԵՍ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել